Հայաստանի պետական կամերային նվագախումբ

Կատարող

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թ. ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:  Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության`  Զարեհ Սահակյանցը կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների, և կարճ ժամանակում նվագախումբը ձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս:  Զարեհ Սահակյանցը թողել է կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներ, որոնք ժառանգել և շենացրել են նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը`  1975-ից, Ռուբեն Ահարոնյանը` 1982-ից:

1997թ.  նվագախումբը միավորվեց Զավեն Վարդանյանի ղեկավարած Երևանի կամերային նվագախմբի հետ, որը գործել է 1979-ից: Արդյունքում կազմավորվեց ներկայիս ՀՊԿՆ-ը, որի ղեկավարությունը ստանձնեց ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:  Ի նպաստ ժամանակակից երաժշտության զարգացմանն ու խթանմանը՝ Արամ Ղարաբեկյանը և ՀՊԿՆ-ը պատվիրել ու ներկայացրել են իրենց համերգներում ավելի քան 40 նոր ստեղծագործություններ, ինչպես նաև ձայնագրել են ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ձայնասկավառակներ:

ՀՊԿՆ-ը  հաջողությամբ ելույթներ է ունեցել  ԱՄՆ-ում (Քարնեգի հոլ, Նյու-Յորք, Ալեքս Թատրոն, Լոս-Անջելես), Միացյալ Թագավորությունում (Քենթերբերիի տաճար Քենթերբերիի Փառատոն), Գերմանիայում (Հալլե փառատոն, Հալլե), Շվեյցարիայում (Վիկտորիա Հոլ, Ժնև), Հունաստանում (Դեմիտրիայի փառատոն, Սալոնիկի համերգասրահ), Ռուսաստանում (Եկատերինայի Պալատ, Գլազունովի դահլիճ, Սանկտ Պետերբուրգ), Կիպրոսում (Նախագահական պալատ, Նիկոսիա), Լիբանանում (Բեյրութի ամերիկյան համալսարան), Արաբական Միացյալ Էմիրություններում (Մշակութային հիմնադրամի թատրոն, Աբու Դաբի) և այլն:

2011 թ. ցայսօր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն  է  Վահան Մարտիրոսյանը:  Մաեստրո Վահան Մարտիրոսյանը նախաձեռնել է նաև «Ճանապարհ տաղանդներին» նախագիծը, ինչի շնորհիվ բազում երաժիշտներ հնարավորություն ստացան՝ հանդես գալու ՀՊԿՆ-ի հետ և ձեռք բերելու բեմական փորձ:

2013թ.  Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արամ Խաչատրյանի 110-ամյակի միջոցառումների շրջանակներում, մասնակցեց մի շարք միջազգային փառատոների Ֆրանսիայում,  Շվեյցարիայում և ԱՄՆ-ում:  2014-ին կրկին հրավերներ ստանալով՝ նվագախումբը  փայլուն ելույթներ ունեցավ Ֆրանսիայի և  Շվեյցարիայի մի շարք քաղաքներում  (այդ թվում՝  Ժնևի  Վիկտորիա Հոլում՝ «Festival Puplinge»-ի 5-րդ տարեդարձի հոբելյանական եզրափակիչ համերգին)` արժանանալով երաժշտասեր հանրության բարձր գնահատանքին: 2015 թ. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակներում, ինչպես նաև 2016-2017 թթ.-ին  ելույթներ է ունեցել «Cordes et Pics», «Puplinge Classique», «Festivaldes Nuits Pianistiques» միջազգային փառատոներում:

Նվագախումբը համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի  մենակատարների և դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ ակորդեոնահար Ռ. Գալիանոն (Ֆրանսիա), ջութակահարներ Ջ-Մ. Ֆիլիպս-Վարժապետյանը (Ֆրանսիա), Ն. Մադոյանը (Հայաստան),  Լևոն Չիլինգիրյանը (Մեծ Բրիտանիա), Ֆ. Ռուդինը (Ռուսաստան) սաքսոֆոնահար Ֆ. Մոնդելչին ( Իտալիա), դաշնակահարներ Գ. Քամփաները (Իտալիա),  Թ. Փֆաֆը (Ֆրանսիա), հոբոյահար Գ. Բորտոլատոն (Իտալիա), դիրիժորներ Գ. դե Լորենցոն (Իտալիա), Դ. Վալդմանը (Ֆրանսիա), Մ. Գարդոլինսկան (Լեհաստան) , Ալ. Փարիսը (Ֆրանսիա) և այլոք:

Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման և արմատավորման գործում:

 

 

 Հավելյալ  տեղեկությունների  համար՝  http://ncoarmenia.am/am

  https://www.youtube.com/channel/UC63IWsxHP8-LaoxG9hUyExA