Ստեփան Ղամբարյան

Դերասան

Դերասան, պարող

Ծնվել է 1983թ. հունվարի 7-ին, Երևանում: Հաղորդավար, երգչուհի Անի Ամիրյանի ամուսինն է: 1999թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը: 1989-99թթ զուգահեռ սովորել է ՀՀ ՊՆ Սպայի տան պարարվեստի դպրոցում և ստացել ժողովրդական պարողի որակավորում: Այդ տարիների ընթացքում հանդես է եկել ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական համույթում` որպես առաջատար պարող, մենակատար: 1999թ. «Սարդարապատ» համույթի կազմով մեկնել է հյուրախաղերի Լոս Անջելես և մենահամերգներով հանդես եկել Գլենդելի «Ալեքս» թատրոնում: 2003թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը` Սոս Սարգսյանի արվեստանոցը: Սովորելու տարիներին զուգահեռ աշխատել է Երևանի Համազգային պետական թատրոնում` որպես դերասան, մասնակցել թատրոնի բեմադրական աշխատանքներին որպես պարուսույց: Մասնակցել է նաև մի շարք մրցույթ-փառատոների և ստացել առաջին կարգի մրցանակներ և պատվոգրեր: Թատրոնի կազմում հանդես է եկել նաև արտասահմանյան հյուրախաղերով մի շարք երկրներում, մասնակցել թատերական փառատոների: 2002թ. Հայաստանի պարարվեստի պետական քոլեջին կից «Կռունկ» պարային համույթի հետ հյուրախաղերով մեկնել է Իտալիա: 2005-09թթ աշխատել է Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթում` որպես առաջատար պարող, մենակատար: Համույթի կազմով մասնակցել է մի շարք միջոցառումների, մենահամերգների, արտասահմանյան հյուրախաղերի: Նույն թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան և պարող: Մի շարք բեմադրություններում կատարել պարային բեմադրական աշխատանքներ և խաղացել գլխավոր դերեր: Խաղացած ներկայացումներից են` Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը», Վ.Շեքսպիրի «Համլետ», Վ.Հյուգոյի «Գավրոշ» և այլն: 2001թ-իցաշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես բելատմայստեր և դերասան: Թատրոնի կազմում խաղացել է մի շարք դերեր և բեմադրել պարեր: Ներկայացումներից են` Կ.Մանյեի «Օսկար», «Բլեզ», Վ.Շեքսպիրի «Համլետ», Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա», Պ.Պռոշյանի «Հացի խնդիր», Գ.Խանջյանի «Արտավազ Շիդար», Ռ.Կունիի «Ջեք-փոթ» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Էստոնիա, ԱՄՆ և այլն: 2010թ-ից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում` որպես «Դոփապար» և «Դասական պար» առարկաների դասախոս և կուրսի ղեկավար: Նկարահանվել է «Արջաորս» (2009թ.), «Զգուշացեք փողից» (2009թ.), «Պահանջվում է գումար» (2010թ.), «Եղբայրներ» (2011թ.), «Խաչվող հետքեր» (2014թ.) հեռուստասերիալներում, «Փեսացուն կրկեսից» (2012թ.), «Синдром шахматиста» (2013թ.), «Վարդապետի լռությունը» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.), «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը» (2015թ.) ֆիլմերում: 2010թ-ից Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է, 2015թ-ից` Դոփապարի հայկական ֆեդերացիայի նախագահը: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, 2015թ.` Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության պատվոգրերի: