Նարինե Գրիգորյան

ՀՀ վաստակավոր արտիստ

Դերասանուհի, բեմադրիչ

Ծնվել է 1980թ. հունիսի 14-ին, ՀՀ Հրազդան քաղաքում: Դերասան Սերգեյ Թովմասյանի կինն է: 1997թ. ավարտել է Հրազդանի Պ.Սևակի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1997-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսորական բաժնում` Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում: 2002-03թթ մասնակցել է դասընթացների Երևանի պետական մնջախաղի թատրոնի ստուդիայում, 2004-05թթ` Մոսկվայի Ա.Վասիլևի ռեժիսորական լաբորատորիայում, 2007թ-ից` Սանկտ Պետերբուրգի Լ.Դոդինի ռեժիսորական լաբորատորիայում, 2008թ.` Բոստոնում և Նյու Յորքում` թատրոնի կառավարում: 2003թ-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես ռեժիսուրայի և դերասանի վարպետության դասախոս (2014թ-ից` դոցենտ) և Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ռ.Տոմայի «Ծուղակ» (Ֆլորանս Ստեֆանի), Ե.Շվարցի «Ձյունե թագուհի» (Ձյունե թագուհի), Ռ.Լամուրեի «Ախ, կանայք, կանայք» (Մադմուազել Միրել), Ա.Հերնի «Շան աղջիկ» (Սիլվիա), Ս.Սարգսյանի «Խեղճ Պետրոս» (Քրիստին), Ա.դը Մյուսեի «Մարիանի քմայքները» (Մարիան), Է.Շմիթի «Ազատաբարոն» (Տիկին Թերբուշ), Յ.Ֆոսսի «Չգիտեմ» (Կին), Ա.Չեխովի «Չեխովյան կատակներ» (Պոպովա Տատյանա Անդրեևնա), «Քեռի Վանյա» (Ելենա Անդրեևնա), Դ.Ֆոի «Ազատ զույգ» (Անտոնիա), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Լյուսի), Ֆ.Զեյլերի «Մայր» (Մայր), Կ.Մանյեի «Բլեզ» (Ժենևյև), Խ.Չալիկյանի «Ռոսինանտ» (Ռոսինանտ), Մ.Վիշնիեկի «Պանդա արջերի պատմությունը» (Կին) և այլն: Բեմադրած ներկայացումներից են` Գ.Կարապետյանի «Աչքերի որս», Մ.Ցվետաևայի «Шар Голубой», Ս.Խաչատրյանի «Օրիորդ գեներալը», Ա.Ասլիբեկյանի «Թռիչք քաղաքի վրայով», Յ.Տյատեի «Поздравляю с будним днем», Վ.Շեքսպիրի «Սոնետ համար 90», Գ.Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել», ըստ Աստվածաշնչի «Հովնան» (հայ-շվեյցարական) և այլն: 2008թ-ից «Ագորա» թատերախմբի անդամ է: 2014թ. աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող դերասան: Մասնակցել է մի շարք փառատոների Երևանում, Կահիրեում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սան Խոսեում, Քիշնևում և այլուր: 2005թ., 2009թ. և 2015թ. և 2018թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ», 2011թ.` «Թատրոն Իքս» փառատոնի, 2012թ.` ԱՊՀ, Վրաստանի և Մերձբալթյան երկրների երիտասարդ բեմադրիչների թատերական փառատոնի, 2014թ.` «Thespis» միջազգային մոնոփառատոնի մրցանակների և «Հայակ» կինոմրցանակի` որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»: Նկարահանվել է «Անպոչ ճգնավորը» (2012թ.), «Դիալոգներ» (2012թ.), «Կիսալուսնի ծովածոցը» (2012թ.), «Տիկին Դյուվալի վրեժը» (2013թ.), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Եվա» (2017թ.) և այլ ֆիլմերում: 2018թ-ից Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: