Արմինե Անդրեասյան

Դերասան

Ծնվել է 1978թ. մարտի 13-ին, Երևանում: Դերասան Ալեքսանդր Գասպարյանի կինն է: Միջնակարգ կրթությունից հետո սովորել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում: 1997-98թթ խաղացել է Աշտարակի պետական դրամատիկական թատրոնում (Պ.Պռոշյանի«Սոս և Վարդիթեր»` Վարդիթեր) և մասնակցել է ամանորյա ներկայացումներին, իսկ կոնսերվատորիայում մասնակցել է բազմաթիվ համերգների, ստացել հրավերներ Բարսելոնայի Ֆրանսիսկո Վինյասի անվան և Վերչելլիի Բելլինիի անվան փառատոներից: 1999թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: Ուսման տարիներին խաղացել է մի շարք ներկայացումներում` «Օսկան Պետրովիչն էն կինքումը», որը մասնակցել է «Իրանզամի» փառատոնին, «Շխոնց Միհրան»` մասնակցել է Դոնի-Ռոստովի «Մինի ֆեստ» թատերական փառատոնին և արժանացել Մոսկվայի քննադատների հավանությանը, «Բեռնարդա Ալբայի տունը»` դերակատարման համար արժանացել է «Կանացի դերի լավագույն կատարում» մրցանակին: Ուսանողական տարիներից խաղում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` «Սոս և Վարդիթեր», «Բաղնսի բողչեն», «Շխոնց Միհրան», «Ամենալավ տունը», «Այրվող մոմեր», «Հոբելյան», «Վիշապը», «Երեք գրոշանոց օպերա» և այլն: 2003թ-ից բուհում դասավանդում է բեմական խոսքի արվեստ: Նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում ` «Որբեր», «Ներիր ինձ», «Սադրանք» և այլն: