Encyclopedia

Ընդունվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը

1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունվել է «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով Խորհրդային Ռուսաստանը հայտարարում էր, որ պաշտպանում է իր օկուպացրած «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Այս փաստաթղթով առաջին անգամ դրվում էր ամբողջ Արևմտյան Հայաստանին անկախություն տալու հարցը:
«Թուրքահայաստանի մասին» դեկրետը ընդունվել է մի շարք հայ ազդեցիկ գործիչների՝ Ստ. Շահումյանին, Վ. Տերյանին, Ռոստոմին, Հ. Զավրիյանին և ուրիշների ջանքերով։ Այդ հրովարտակով խորհրդային կառավարությունը ճանաչում էր Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստանի) հայ բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անջատում։ 
 
Դրա կենսագործման համար ժողկոմխորհն անհրաժեշտ էր համարում ռուսական զորքի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից։ Արևմտահայերի անձի ու գույքի անվտանգության ապահովման նպատակով նախատեսվում էր հայկական ազգային միլիցիայի ստեղծում։ Պահանջվում էր թուրքական իշխանությունների կողմից տեղահանված հայերի անարգել վերադարձ հայրենիք, տեղում իշխանության մարմինների ստեղծում և այլն։
 
Հեղափոխության հետևանքով, սակայն, ռուսական զորքերի կազմալուծումը և Արևմտյան Հայաստանից վաղաժամ դուրսբերումը կործանարար եղավ հայերի համար։ Կովկասյան ռազմաճակատի քայքայման պայմաններում թուրքական զորքն անցավ հարձակման և կարճ ժամանակում վերագրավեց Արևմտյան Հայաստանը։ 
 
«Թուրքահայաստանի մասին» հրովարտակը մնաց որպես սոսկ մի փաստաթուղթ։ Այսպիսով՝ 1917թ. ռուսական հեղափոխությունների շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի համար ստեղծվեց բարդ ու դժվարին կացություն։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.