Encyclopedia

Հիշատակ Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի

Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից է: Նա ծնվել է 347 թվականին Անտիոքում: Հիմնավոր ուսումն ստացել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել Լիբանիոսի դպրոցում: Երիտասարդ հասակից իրեն նվիրել է ճգնավորական կյանքին:
381 թվականին Մելետիոս Անտիոքացին նրան ձեռնադրել է սարկավագ, իսկ 386 թվականին Փլաբիանոսը`   քահանա: Այս ընթացքում սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին: Հակառակ իր կամքի՝ 398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և եռանդով ու նախանձախնդրությամբ ձեռնարկում մայրաքաղաքի բարեկարգումը:
 
Այդ ժամանակաշրջանում ապականությունն ու կրոնական անտարբերությունը բույն էին դրել թե հասարակ ժողովրդի, թե արքունիքի ու հոգևորականության մեջ: Ոսկեբերանը կշտամբում էր ամեն տեսակ անբարոյականություն, ինչի պատճառով էլ իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ Հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը: 403 թվականին եկեղեցական ժողովն աքսորման հրաման է տալիս, սակայն աքսորի գիշերն այնպիսի երկրաշարժ ու հրդեհներ են լինում, որ սարսափած կայսրուհին ետ է կանչում նրան:
 
Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները: Հակառակ ժողովրդի համակրանքի և Արևմտյան եկեղեցու պաշտպանության`   Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Սուրբ Հայրապետն աքսորվում է Պոնտոս և նահատակվում 407 թվականին Կոմանա քաղաքում:
 
Նրա արտասանած վերջին բառերն են՝ «Փառք քեզ, Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ»: 438 թվականին սրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Սբ. Առաքելոց եկեղեցում: Բազմաժանր է նրա մատենագրական վաստակը`   մեկնություններ, ճառեր, ներբողներ, թղթեր և այլն, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել իր կենդանության օրոք:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.