Encyclopedia

Աղոթք

Աղոթքը, աղաչանքն առ Աստված կամ այլ գերբնական ուժի, օրհնությունն ու գոհությունը, փառաբանությունն ու «խոսքն ընդ Աստված» հանդիսանում են Աստծո կամ այլ գերբնական ուժի հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց: Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը «աղ»-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ «ոթք»-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391ա):

 

Աղոթքը քրիստոնեության մեջ

Քրիստոնեությունում աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականն է Սուրբ Հոգին «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք...» (Հռոմ. 8.26): Նոր Կտակարանում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ աղոթքները և Գեթսեմանիում նրա Ա-ի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ. 22.39–46) որոշ մասերը:

 

Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26): Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ. 18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17): Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող աղոթքները (Մատթ. 6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ. 6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7):

 

Ըստ եկեղեցու հայրերի ուսուցումների, աղոթքը մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային բազմախորհուրդ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի, IV–V դդ.): Առանց հավատի աղոթքն անուժ է, և միայն հավատից բխող աղոթքն է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն:

 

Գրիգոր Տաթևացին տվել է աղոթքի տասը հիմն. խորհուրդներ՝ վերցված Սուրբ Գրքից (Աստվածաշունչ) և եկեղեցու հայրերից, որտեղ նա աղոթքի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս. Հոգով, և կարևորել աղոթքի՝ որպես կատարելության հասնելու միջոց: Ըստ Գրիգոր Տաթևացու, աղոթքի «սրբությունները» երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը դրանց միջոցով է կատարվում: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից: Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից: Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է:
 
Աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստ. մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոն և Ս. Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ. 51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ):
 
Կան անհատական և հրապարակային կամ հասարակական աղոթքներ: Անհատի աղոթքը հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու: Իսկ «հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը,... երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք (Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ.):
 
Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանաբանական, բարեխոսական և այլն: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խընդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»:
Աղոթքը մեծ տեղ և խորհրդապաշտական նշանակություն ունի ճգնակեցական կյանքում: Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության, աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում: Արևելքն իր հոգևոր և կրոն. հասկացությամբ խորհրդապաշտական բովանդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացել (բացի բողոքական եկե-ղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը:
 
Որպես ամենատարածված աղոթք քրիստոնյաների համար կարելի է համարել «Հայր Մեր»ը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.