Encyclopedia

Սառցադաշտեր

Սառցադաշտերը բնական բազմամյա սառույցի կուտակումներ են Երկրի մակերևույթին: Առաջանում են այնտեղ, որտեղ ձմռանը կուտակված ձյունն ամռանը չի հասցնում հալվել: Հիմնականում լինում են բարձր լեռներում, Արկտիկայի կղզիներում և Անտարկտիդայում:
Ամռանը, երբ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր է, սառցադաշտի մակերևույթի ձյունը հալվում է և աստիճանաբար վերածվում ֆիռնի՝ առանձին ամուր սառցահատիկների, որոնք իրար միացած չեն և համատարած սառույց չեն կազմում:
 
Դեռ շատ ամառներ ու ձմեռներ պետք է անցնեն, մինչև հալված ձնաջուրը ֆիռնի ձևով սառչի, սեփական ծանրության տակ խտանա, առաջացնի համատարած սառույց: Լեռներում սառցադաշտերի հաստությունը հասնում է մինչև 100մ-ի, իսկ Անտարկտիդայի և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում գտնվող Գրենլանդիա կղզու ծածկութային սառցադաշտերինը՝ 3–4կմ-ի:
 
Բարձրլեռնային երկրներում, հեռվից դիտելիս, պարզ նկատվում է մի սահման, որից վերև ձյուն է կուտակված: Այդ սահմանը ձյան գիծն է, որից վեր ձյունն ավելի շատ է տեղում, քան հալվում է: Լեռնային սառցադաշտերն առաջանում են ձյան գծից վերև ընկած շրջաններում և չափերով ու ձևերով բազմազան են: Մի մասը գլխարկի նման ծածկում է լեռնագագաթը, մյուսներն ընկած են լանջերի գոգավոր խորություններում: Աշխարհի լեռնային խոշոր սառցադաշտերից են`   Ալեչի, Ֆիշեր (Եվրոպա), Ֆեդչենկոյի, Ինիլչեկի (Միջին Ասիա), Պրժևալսկու (Ալթայ), Ռոնգբեկ (Հիմալայներ) և այլն: Իսկ ամենախոշորը Լամբերտի սառցադաշտն է Անտարկտիդայում, որի երկարությունը 514 կմ է: Ծածկութային սառցադաշտերն զբաղեցնում են երկրագնդի սառցադաշտերի ամբողջ տարածքի 98,5 %-ը: Դրանք առաջանում են այնտեղ, որտեղ ձյան գիծը շատ ցածր է (Անտարկտիդա, Գրենլանդիա և արկտիկական կղզիներ): Սառույցը, կուտակվելով, դանդաղ տարածվում է  չորս կողմը: Սառցադաշտը հաճախ իջնում է օվկիանոսի մերձափնյա մասերը, նրանից պոկվում են սառցի բեկորներ և վերածվում լողացող սառցասարերի՝ այսբերգների, որոնք քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են:
Բոլոր սառցադաշտերը շարժվում են. երբ սառցադաշտը շատ է հաստանում, սառույցն իր ծանրության ազդեցությամբ դանդաղ սահում է լանջն ի  վար: Հատակին գտնվող քարաբեկորները, սառույցին կպած դանդաղ սահելով, քերում-մաշում են հատակի ապարները:
 
Սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է օրական 1սմ-ից մինչև 1մ սահմաններում: Ամենաարագ շարժվողը (արագությունը՝ օրական 20մ) Գրենլանդիայում գտնվող Կարայակ սառցադաշտն է: 
 
Կովկասյան լեռնաշղթայի շատ սառցադաշտեր տարվա ընթացքում տեղաշարժվում են մոտ 100մ, Տյան Շանի և Պամիրի լեռների խոշոր սառցադաշտերը՝ 150–300մ, իսկ Հիմալայների որոշ սառցադաշտեր՝ 700–1300մ:
 
Պատահում է, որ տեղաշարժվելիս  սառցադաշտն իր ճանապարհին հանդիպում է քարե սահանքների: Նման դեպքերում սառցադաշտը փոխում է իր ուղղությունը կամ ջարդվում է տարբեր տեղերից: Առաջանում են թեք սառցադաշտեր, որոնք ընդհանուր սառցադաշտի ամենավտանգավոր ու դժվարանցանելի տեղամասերն են:
 
Սառցադաշտերի հալոցքի ջրերից ծնվում են գետեր: Լեռնային գետերը սառցադաշտերի ջրով սնում են չորային կլիմա ունեցող վայրերի հողերի վիթխարի տարածքներ:
 
Ժամանակակից սառցադաշտերն զբաղեցնում են 16,1 մլն կմ2 տարածք (երկրագնդի ցամաքի 11 %-ը), իսկ նրանցում կուտակված սառցի ծավալը 25 մլն կմ3 է՝ մոլորակի խմելու ջրի ծավալի գրեթե 2/3-ը: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.