Encyclopedia

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Արտավազդ Ա-ն, մ. թ. ա. 113–112թթ-ի հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով, անժառանգ եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տալիս պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադառնում է հայրենիք և մ. թ. ա. 95թ. թագադրվում Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցում է Տիգրանակերտ մայրաքաղաքը):
Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: 
 
Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94թ.Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91թթ. Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:
 
Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86թթ.Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85թթ. հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը: 
 
Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83թ. մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: 
Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78թ. գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: 
 
Մ. թ. ա. 73–72թթ. Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69թթ. Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում: 
 
Մ. թ. ա. 71թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը: 
 
Մ. թ. ա. 69թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:
 
Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): 
 
Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:
 
Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.