Health Corner

Ուռուցքներ

Ուռուցքները (նորագոյացություններ, բլաստոմաներ) ախտաբանական հյուսվածքների տարաճումներ են: Սրանց աճը շարունակվում է նույնիսկ ուռուցքային գործոնի ազդեցության ընդհատումից հետո:
Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ:
 
Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Բարորակ ուռուցքներն ունենում են պատիճ (կապսուլա), չեն ճյուղավորվում, բայց կարող են վտանգավոր լինել իրենց տեղադրությամբ: Օրինակ՝ գլխուղեղի բարորակ ուռուցքը ճնշում է նրա որևէ բաժինը և խանգարում կենսական կարևոր գործառույթները:
 
Չարորակ ուռուցքները (քաղցկեղ) ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք այնուհետև, արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են տարբեր օրգաններում և հյուսվածքներում առաջացնել ճյուղավորումներ (մետաստազներ): 
 
Ուռուցքների առաջացումն ընթանում է աստիճանաբար`   մի քանի փուլերով: Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեղային: Հայտնի է ուռուցքների ավելի քան 500 տեսակ, որոնց անվանում են հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակի անվանը հունարեն «ոմա» (ուռուցք) բառն ավելացնելով, օրինակ՝ լիպոմա, ֆիբրոմա, սարկոմա, կարցինոմա և այլն:
 
Առանձին խումբ են կազմում արյան չարորակ ուռուցքները՝ լեյկոզները, որոնց առանձին ձևերի ժամանակ նկատվում է սպիտակարյունություն, այսինքն՝ արյան մեջ փոփոխված լեյկոցիտների (սպիտակ մարմնիկներ) խիստ ավելացում:
 
Նկարագրվել են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և բույսերի ուռուցքներ: Հաճախակի են թռչունների որոշ տեսակների (օրինակ՝ հավերի) յուրատեսակ սարկոմաները: 
Չարորակ ուռուցքներն ավելի հաճախ ախտահարում են տարեց մարդկանց:
 
Տնտեսապես զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները զբաղեցնում են 2-րդ տեղը՝ զիջելով սիրտանոթային համակարգի հիվանդություններին: Ուռուցքների առաջացման պատճառների 90%-ը արտաքին միջավայրի վնասակար գործոններն են, 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները: 
 
ՀՀ-ում կատարվում է չարորակ ուռուցքներով հիվանդների պարտադիր գրանցում, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել  դրանց տարածվածությունը հանրապետության տարբեր շրջաններում:
 
Վաղ շրջանում հայտնաբերված ուռուցքների բուժումն ավելի արդյունավետ է:
Ուռուցքների բուժման հիմնական եղանակը վիրաբուժականն է, որը գրեթե մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային (քիմիաբուժություն), հորմոնային և իմունաբանական եղանակներով: Հակաքաղցկեղային պատրաստուկների ընդունումը կարող է հանգեցնել ժամանակավոր ճաղատության, իսկ բուժումն ընդհատելուց հետո մազերը կրկին աճում են:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company