Encyclopedia

Քսենոփոն

Քսենոփոնը հին հույն գրող է, նույնիսկ իր «Անաբասիս» երկում հարուստ նյութ կա մ. թ. ա. V–IV դարերի Հայաստանի վերաբերյալ:

Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում: Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները: 
 
Քսենոփոնը տևական ժամանակ ապրել և ստեղծագործել է Սպարտայում:
 
Մ. թ. ա. 401թ. եկել է Փոքր Ասիա և 10հզ-անոց հույն վարձկանների հետ մասնակցել Կյուրոս Կրտսերի ապստամբությանը նրա եղբոր՝ Պարսից արքայի դեմ: Պատերազմում Կյուրոսը պարտվել է և սպանվել: Հայրենիք վերադառնալու համար հունական բանակի հետ Քսենոփոնը հարկադրված էր Սև ծովի ափերը նահանջել Միջագետքով ու Հայաստանով և իր տեսածը հետագայում նկարագրել է 7 գրքից բաղկացած «Անաբասիս» («Նահանջ բյուրոց») պատմահուշագրական երկում, որն անփոխարինելի սկզբնաղբյուր է հատկապես Հայաստանի հնագույն պատմության վերաբերյալ: Գիրքը 1970թ., Սիմոն Կրկյաշարյանի թարգմանությամբ, հրատարակվել է Երևանում:
 
Մ. թ. ա. 365–358թթ. Քսենոփոնը գրել է «Կյուրոպեդիա» («Կյուրոսի դաստիարակությունը») պատմափիլիսոփայական, բարոյախոսական-քաղաքական երկը՝ առաջին պատմավեպը համաշխարհային գրականության մեջ: Այնտեղ նկարագրված են Աքեմենյանների տերության հիմնադիր Կյուրոս 2-րդ Մեծի կյանքն ու գործունեությունը: «Կյուրոպեդիա»-ում արժեքավոր տեղեկություններ կան մ. թ. ա. 4-րդ դարի կեսի Հայաստանի, հատկապես հայ-մարական և հայ-պարսկական փոխհարաբերությունների, երկրի ներքին կյանքի ու հասարակական հարաբերությունների մասին, որոնք հավաստվում են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում: 

Քսենոփոնի «Հելլեկանանք» աշխատությունը Պելոպոնեսյան պատերազմի (մ. թ. ա. 431–404թթ.) մասին Թուկիդիդեսի (մ. թ. ա. 460–400թթ.) անավարտ երկի՝ «Պատմության» շարունակությունն է: Գրել է նաև «Հունական պատմություն», «Սոկրատեսյան ստեղծագործություններ» («Սոկրատեսի արդարացումը», «Հուշեր Սոկրատեսի մասին», «Խրախճան»), «Տնային տնտեսության մասին», «Հիերոն», «Լակեդեմոնական պետական կառուցվածքը» և այլ աշխատություններ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.