Encyclopedia

Քարտեզներ (աշխարհագրական)

Քարտեզը ցույց է տալիս երկրագնդի, առանձին մայրցամաքների կամ երկրների ընդհանրացված տարածքները հարթության վրա:
Շրջապատը նկարագրելու, առավել ևս հարթության վրա պատկերելու անհրաժեշտությունը մարդիկ զգացել են թերևս ավելի վաղ, քան մտքերը, իրադարձությունները գրավոր արտահայտելու անհրաժեշտությունը: Շրջապատը, նաև հեռավոր վայրերը ճանաչելը նույնիսկ նախնադարյան մարդու համար եղել է կենսական պահանջ: Տեսադաշտը պատկերելն ավելի հրատապ դարձավ պետությունների ձևավորման ժամանակաշրջանում: Յուրաքանչյուր տիրակալ պետք է թղթի վրա տեսներ իր տիրակալության տարածքը: Բացի այդ, մարդիկ ուղիներ էին որոնում անհայտ տարածքների հայտնաբերման և հետազոտման, առևտրական կապեր հաստատելու, նվաճողական արշավանքներ ու պատերազմներ վարելու համար: Հենց այս պահանջներն էլ հիմք են դարձել քարտեզի գաղափարի ծագման և իրականացման համար: 
 
Ըստ բովանդակության՝ քարտեզները լինում են ընդհանուր աշխարհագրական, որոնց վրա պատկերված են Երկրի մակերևույթի ձևերը, գետերը, լճերը, քաղաքները, և թեմատիկ՝ նվիրված առանձին թեմաների, գիտության ճյուղերի (օրինակ՝ երկրաբանական, կլիմայական, օգտակար հանածոների, բնակչության, ծովային ուղիների, տնտեսության տարբեր ճյուղերի և այլն): Կազմվում են նաև ռազմական հատուկ քարտեզներ, որտեղ նշվում են ռազմական նշանակության օբյեկտները, օդանավակայանները, ռազմական հենակետերը և այլն:
Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս: 
 
Մասշտաբ: Մեզ շրջապատող բնատարածքը շատ ընդարձակ է: Թղթի վրա պատկերելու համար այն պետք է փոքրացնել մի քանի կամ նույնիսկ միլիոն անգամ՝ նայած, թե ինչ մանրամասնությամբ ենք ուզում պատկերել այն: Դրա համար պետք է որոշել փոքրացման չափը՝ որը կոչվում է մասշտաբ: Մասշտաբը կարելի է արտահայտել 3 ձևով. թվային (օրինակ`   1 : 100 000. այսինքն՝ տարածքը փոքրացված է 100 000 անգամ), անվանական (1 սմ-ում՝ 1 կմ) և գծային՝ գծի հատվածի տեսքով:
Քարտեզները, ըստ մասշտաբի մեծության, ընդունված է բաժանել 3 խմբի՝ խոշոր (1: 200 000-ի և ավելի), միջին (1:200 000 – 1:1 000 000), փոքր (1: 1 000 000-ից փոքր): Ամենափոքր մասշտաբով կազմվում են աշխարհի և կիսագնդերի, միջին մասշտաբով՝ մայրցամաքների, խոշոր մասշտաբով`   պետությունների կամ նրանց առանձին մարզերի քարտեզները:
Որքան խոշոր է մասշտաբը, այնքան ավելի շատ տվյալներ կարելի է տեղադրել քարտեզի վրա, և ընդհակառակը:
 
 
Պայմանական նշաններ: Պայմանական նշանները քարտեզի լեզուն են, քարտեզն ընթերցելու բանալին: Սովորաբար կիրառում են տարածական (պատկերվում են անտառները, լճերը, ճահիճները և այլն) և գծային (գետեր, սահմաններ, երկաթգծեր, խողովակաշարեր) պայմանական նշաններ: Ծովի մակարդակից տարբեր բարձրություններն ու խորությունները ցույց են տրվում գունային երանգներով: Օվկիանոսներն ու ծովերը պատկերվում են կապույտով, և որքան կապույտը մուգ է, այնքան ծովը խորն է:
Լեռներն արտահայտվում են շագանակագույնի, դաշտավայրերը՝ կանաչի երանգներով, և այլն:
 
Գլոբուս: Երկրագնդի մակերևույթը պատկերվում է ոչ միայն քարտեզի, այլև գլոբուսի վրա: Գլոբուսը Երկրագնդի մանրակերտն է`   տասնյակ միլիոնավոր անգամներ փոքրացված: Առաջին գլոբուսը պատրաստել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 1492 թ-ին:
 
Աստիճանացանց: Աշխարհագրական քարտեզն ու գլոբուսն ասես պատած են նուրբ ցանցով: Դա Երկրի աստիճանացանցն է`   կազմված միջօրեականներից և զուգահեռականներից, որոնք բաժանված են աստիճանների:
 
Միջօրեականները «փաթաթվում» են Երկրին՝ հատվելով բևեռներում: Բոլոր միջօրեականները կիսաշրջանագծեր են և ունեն նույն երկարությունը: Լոնդոնում գտնվող Գրինվիչի աստղադիտարանով անցնող միջօրեականը գիտնականներն ընդունում են որպես սկզբնական միջօրեական (0օ): Դրանից են սկսում միջօրեականների հաշվարկը: Ըստ միջօրեականների՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական երկայնությունը: Գրինվիչի միջօրեականից արևելք ընկած բոլոր վայրերն ունեն արևելյան երկայնություն, արևմուտք ընկածները՝ արևմտյան երկայնություն:
Զուգահեռականները «գոտևորում» են Երկիրը: Ի տարբերություն միջօրեականների՝ դրանք չեն հատվում և ունեն տարբեր երկարություններ. որքան հեռու են բևեռներից, այնքան երկար են: Ամենաերկար զուգահեռականը կոչվում է հասարակած և ունի 40 075 696 մ երկարություն: Հասարակածը հավասար հեռավորության վրա է գտնվում բևեռներից և
 
Երկիրը բաժանում է Հյուսիսային ու Հարավային կիսագնդերի: Զուգահեռականների հաշվարկը կատարվում է հասարակածից:
 
Ըստ զուգահեռականների՝ որոշում են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը: Երկրի մակերևույթի՝ հասարակածից հյուսիս գտնվող բոլոր կետերն ունեն հյուսիսային լայնություն, հարավ գտնվողները՝ հարավային լայնություն:
 
Լայնություններն ու երկայնություններն աշխարհագրական կոորդինատներ են, որոնցով որոշում են կետի դիրքը Երկրի մակերևույթի վրա:
 
Քարտեզագրական պրոյեկցիաներ: Եռաչափ Երկիրը երկչափ հարթության վրա կարելի է պատկերել քարտեզագրական պրոյեկցիայի միջոցով՝ լայնությունն ու երկայնությունը գլոբուսից պրոյեկտելով հարթության`   քարտեզի վրա: Քարտեզագրական պրոյեկցիաները կարող են լինել հավասարամեծ, երբ քարտեզի վրա մակերեսներն ստացվում են գլոբուսի համապատասխան մակերեսներին հավասար, կամ հավասարանկյուն, երբ քարտեզի վրա տարածական պատկերներն ստացվում են գլոբուսի համապատասխան պատկերների նման: Ոչ մի քարտեզ չի կարող ճշգրիտ պատկերել միաժամանակ թե՜ մակերեսը և թե՜ պատկերը, բայց որոշ պրոյեկցիաների շնորհիվ աղավաղումները հասցվում են նվազագույնի:
 
Զուգահեռականների և միջօրեականների պատկերման տեսքից կախված`   տարբերում են գլանային, կոնային, ազիմուտային, բազմակոնային, կեղծկոնային, կեղծգլանային և պայմանական պրոյեկցիաներ:
Գլանային պրոյեկցիաները կառուցվում են միջօրեականներն ու զուգահեռականները գլոբուսի շուրջը փաթաթված գլանի վրա պրոյեկտելու միջոցով: Միջօրեականները, բևեռներում համատեղվելու փոխարեն, պատկերվում են որպես զուգահեռ գծեր: 
 
Առավել հայտնի Մերկատորի  գլանային պրոյեկցիան բևեռների մոտ աղավաղում է մակերեսները, բայց ոչ պատկերները: 
Կոնային պրոյեկցիաները կառուցվում են գլոբուսի մակերևույթը կոնի վրա պրոյեկտելու միջոցով: Մասշտաբը ճիշտ է այն կետում, որտեղ կոնը հպվում է գլոբուսին: Բոլոր զուգահեռականները համակենտրոն շրջանագծեր են, իսկ միջօրեականները՝ ուղիղ գծեր, որոնք հատվում են Հյուսիսային կամ Հարավային բևեռում: 
 
Ազիմուտային պրոյեկցիաները կառուցվում են գլոբուսի մի որոշակի կետի, օրինակ՝ Հյուսիսային կամ Հարավային բևեռին դրված թղթի վրա: Բոլոր միջօրեականները ճառագայթվում են կենտրոնական կետից`   որպես ուղիղ գծեր, իսկ զուգահեռականները համակենտրոն շրջանագծեր են: Կենտրոնից դեպի դուրս գծերի ազիմուտները համապատասխանում են բնության մեջ եղած համապատասխան գծերի ազիմուտներին, բայց տեղի է ունենում մասշտաբի և պատկերի աղավաղում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.