Health Corner

Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը

Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել:

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) բավական տարածված է: Այն բնորոշվում է երիկամներում և միզուղիներում քարերի ձևավորմամբ: ՄՔՀ առաջացումը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում նյութափոխանակության խանգարմամբ, սննդակարգի առանձնահատկություններով, ինֆեկցիայի առկայությամբ, բացի դրանից, մեզի նորմալ հետհոսքի դժվարացումով, կապված վերին միզուղիների անատոմիական և ախտաբանական փոփոխություններով: Այլ հրահրող գործոնների թվում են ժառանգականությունը, հիպոդինամիան, օրգանիզմում վիտամինների, հատկապես, A վիտամինի անբավարարությունը:

Կլինիկական պատկերը կախված է քարերի ձևից, չափերից, քանակից ու տեղակայումից: Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է ցավով, որը, որպես կանոն, տեղակայված է լինում գոտկատեղային հատվածում կամ որովայնում: Այն կարող է լինել նոպայաձև կամ մշտական: Հիվանդների մոտ հաճախ արձանագրվում է հեպատուրիա (մեզի մեջ արյուն): Երիկամներից հետհոսքի խանգարման դեպքում  ավազանի լայնացում է տեղի ունենում, որը կտրուկ խախտում է երիկամների գործառույթը և կարող է նպաստել պիելոնեֆրիտի առաջացմանը (երիկամային հյուսվածքի և ավազանի բորբոքում): ՄՔՀ լուրջ բարդություններից է երիկամային անբավարարությունը:

Հիվանդության տիպիկ նշան է երիկամային խիթը: Այն կապված է միզուղիներով քարի տեղաշարժման կամ միզարձակման խանգարման հետ: Երիկամային խիթի ժամանակ ցավը լինում է կտրուկ, այրող, տանջող: Հաճախ տեղակայված է լինում գոտկատեղում և արձագանքվում է դեպի միզածորան: Միզարձակումը հաճախացած է, ցավոտ: Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, մետեորիզմով: Դա քարի (քարերի) ատիպիկ տեղակայման դեպքում  ախտորոշման դժվարություններ է առաջացնում: Ախտորոշիչ նշանակություն ունի արյան առկայությամբ մեզը կամ հեղուկի նստվածքում մեծ քանակությամբ էրիթրոցիտների առկայությունը:

Հիվանդության ընթացքը բազմակերպ է: Օրինակ, այն կարող է երկար ժամաակ ընթանալ առանց ախտանիշների: Լինում է նաև, որ հիվանդությունը պարբերաբար բնորոշվում է գոտկատեղում ոչ ուժեղ նվացող ցավով և մեզի մեջ տարբեր աղերի բյուրեղների առկայությամբ: Եթե ՄՔՀ-ն առաջանում է միզուղիների ինֆեկցիայի ֆոնի վրա, ապա երիկամային խիթի նոպաները ուղեկցվում են դողով, մարմնի բարձր ջերմությամբ և լեյկոցիտների մեծ քանակությամբ: Ճիշտ ախտորոշման համար բժիշկն արյան և մեզի հետազոտություններ է նշանակում: Բացի դրանից, հիվանդին ՈՒՁՀ և համակարգչային շերտագրում կատարելու են  ուղեգրում, կատարում են երիկամների գործառույթների հատուկ հետազոտություն:

ՄՔՀ բուժումը լինում է պահպանողական և վիրահատական: Վիրահատական միջամտություն են կատարում այն դեպքում, եթե  թերապևտիկ բուժումն անարդյունավետ է լինում:

Պահպանողական բուժումը ներառում է հակաբորբոքային թերապիա, երիկամային հեմոդինամիկայի կարգավորում, քարերի ձևավորմանը հանգեցնող մետաբոլիկ խանգարումների հայտնաբերում և բուժում: Հիվանդին նշանակվում է հակամանրէային, սպազմոլիտիկ, միզամուղ դեղորայք, ինչպես նաև դեղպատրաստուկներ, որոնք նվազեցնում են աղիներում աղերի ներծծումը և նպաստում են մեզի հետ դրանց դուրս բերմանը: Կարևոր դեր է խաղում սննդակարգը, որը կազմվում է հաշվի առնելով քարերի բաղադրակազմը:

Օրինակ, ուրատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են միզաթթվի աղերից, հարկ է ժամանակավորապես հրաժարվել մսեղենից, ձկնեղենից և բուսական սննդակարգի անցնել: Պետք է նաև բացառել թունդ թեյն ու սուրճը և սովորական շատ ջուր խմել, թույլատրվում են նաև կաթ ու կաթնամթերք, բուսական ապուրներ, շիլաներ, մեղր, մրգեր:

Օքսալատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են թրթնջկաթթվի աղերից, հարկ է սննդակարգից հանել թրթնջուկը, սպանախը,  հազարը, սահմանափակել ցիտրուսային մրգերի օգտագործումը: Օգտակար են կաղամբով պատրաստված ապուրը, ծաղկակաղամբը, հնդկացորենը, վարսակաձավարը, սև հացը, դդումը:

Ֆոսֆատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են ֆոսֆորաթթվի աղերից, սննդակարգում արդեն պետք է լինեն մսեղենը, ձկնեղենը, իսկ կաթն ու կաթնամթերքն այս դեպքում հարկ է սահմանափակել: Հանձնարարվում է նաև հատիկեղեն, մակարոն, ոչ թունդ թեյ և սուրճ, բանջարեղենից թույլատրվում է թրթնջուկը, սպանախը, բազուկը, կաղամբը, դդումը, վարունգն ու պոմիդորը, մրգերից`   ելակը, լոռամրգին, կարմիր հաղարջը, ծիրանը, դեղձը, տանձը, խաղողը, թթու խնձորը, ինչպես նաև մասուրի հյութը: Սննդակարգի հետ պետք է նաև շատ հեղուկ խմել:

Միզաքարային հիվանդության բուժման համար խորհուրդ է տրվում նաև օգտվել բուսաբուժությունից: Օրինակ, արտահայտված հակասեպտիկ, միզամուղ և սպազմոլիտիկ ազդեցություն ունեն հետևյալ դեղաբուսային հավաքածուները.

  • Հապալասի տերևներ`   2 մաս, դաշտային ձիաձետ`   1 մաս, մեղվամուշկի ծաղիկներ`   1 մաս: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, եփել մարմանդ կրակով 12-15 րոպե, թողնել հովանա, քամել: Խմել 1-ական բաժակ առավոտյան նախաճաշի ժամանակ և երեկոյան: 
  • Լորենու ծաղիկներ`   3 մաս, սև շամբուկի ծաղիկներ`   3 մաս, գիհու պտուղներ`   3 մաս, մասուր`   3 մաս, դաշտային ձիաձետ`   3 մաս, եղինջ`   1 մաս, դաղձ`  1 մաս, ճահճային խնկեղեգի վերնարմատ`   1 մաս: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, եփել մարմանդ կրակով 12-15 րոպե, թողնել հովանա, քամել: Խմել 1-ական բաժակ առավոտյան նախաճաշի ժամանակ և երեկոյան: 

Ժողովրդական բաղադրատոմս

Երիկամային խիթի դեպքում հիանալի օգնում է և հակաբորբոքային ազդեցություն ունի հետևյալ թուրմը.

  • սրոհունդ`   1 մաս, կանթեղախոտ`   1 մաս, ուրց`   1 մաս: Այս հավաքածուից վերցնել 3-4 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել 1/4-ական բաժակ օրական 3-4 անգամ, ուտելուց հետո: 

ՄՔՀ-ը կանխարգելելու համար ավանդական բժշկությունը առաջարկում է բողկի հյութը`   մեղրով: Բողկի մեջտեղում պետք է դանակով փոս անել ու մեջը մեղր լցնել, հետո թողնել տաք տեղում մնա 3-4 ժամ: Այդ ընթացքում բողկի հյութը արտազատվում է: Հյութն ու մեղրը լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ և օրական խմել 2-3 անգամ 1/3-ական բաժակ: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company