Health Corner

Ինչ դիրքով քնել

Մարդու քնելու դիրքն անքնության պատճառ չի կարող դառնալ, սակայն հանգեցնել քնի այլ խանգարումների կամ վատ ինքնազգացողության լիովին հնարավոր է:

Թիկունքի վրա

 

Ամենալավ դիրքն է նրանց համար, ովքեր ցանկանում են լավ տեսք ունենալ: Դիմային մկաններն այդ դիրքում թուլանում են՝ մաշկին ապահովելով թթվածնի բավարար մատակարարում: Արդյունքը թարմ տեսքն է ու կնճիռների ավելի ուշ առաջացումը: Գործնականում բացակայում է ստամոքսի և որովայնի խոռոչի վրա ճնշումը: Դրա շնորհիվ նվազում է դեպի կերակրափող ստամոքսահյութի արտամղման, ինչպես նաև այրոցի առաջացման ռիսկը:

 

Դա կարևոր է, որովհետև երեկոյան ժամը 10:00-ից մինչև 2:00-ը ստամոքսահյութն ամենից շատ է արտադրվում և միաժամանակ նվազում է թքարտադրությունը, որն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կերակրափողի վնասման: Ուստի ովքեր հակված են այրոցի, ավելի լավ է քնեն թիկունքի վրա:

 

Ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունն ամենանվազագույնն է, որը թույլ է տալիս լիովին հանգստանալ՝ դրա հետ մեկտեղ թուլացնելով միջողնային սկավառակները, ինչն էլ իր հերթին լավ է օստեոխոնդրոզի կանխարգելման համար:

 

Այս դիրքը հարմար չէ նրանց, ովքեր խռմփացնում են, նաև տառապում գիշերային ապնոէից (շնչադադար) կամ բրուկսիզմից (ատամների կրճտոց): Այս բոլոր տհաճությունների դրսևորումն ուժեղանում է, երբ մարդը քնում է թիկունքի վրա:

 

Կողքի վրա

 

Նվազում է ծանրաբեռնվածությունը գոտկատեղի վրա, այնպես որ, այդպիսի ցավերի դեպքում դա ամենալավ դիրքն է: Վերին շնչուղիները չեն միակցվում, նշանակում է մարդը չի խռմփացնում, օրգանիզմն էլ թթվածնով բավականաչափ լավ է մատակարարվում:

 

Այս ամենը լավացնում է քնի որակը`   թույլ տալով առավելագույնս հանգստանալ: Այս դիրքը նաև նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը և նպաստում գլխուղեղի լավ աշխատանքին:

 

Նման դիրքով քնելիս հաճախ թմրում է ձեռքը կամ ոտքը: Եթե սովոր եք այդ դիրքով քնելու, հարկ է հարմար բարձր ընտրել, այլապես կտուժի ողնաշարի պարանոցային հատվածը:

 

Բարձը պետք է համապատասխանի ուսերի բարձրությանը, որպեսզի պարանոցը, զուգահեռաբար նաև իրանը, հորիզոնական դիրքում գտնվեն: Եթե սվորություն ունեք քնած ժամանակ ձեռքը գլխի տակ դնել, նշանակում է բարձը շատ ցածր է:

 

Որովայնի վրա

 

Եթե տառապում եք որովայնի փքվածությամբ, այս դիրքը կթեթևացնի վիճակը: Հատկապես`   այդ պատճառով էլ երբեմն փոքր երեխաներին պառկեցնում են որովայնի վրա:

 

Ողնաշարի պարանոցային հատվածը գտնվում է անբնական դիրքում, ինչն էլ կարող է հանգեցնել ցավերի, նաև վատացնել գլխուղեղի արյան մատակարարումը, որովհետև ողնաշարի զարկերակներից մեկը երբեմն մասնակի փակվում է:

 

Ներքին օրգանների, այդ թվում`   ստոծանու վրա բարձրանում է ճնշումը, օրգանիզմի թթվածնով մատակարարումը վատանում է:

 

Դեմքի մաշկին թթվածնի մատակարարումը նույնպես նվազագույնն է, դրա համար ովքեր սիրում են այս դիրքով  քնել, նրանց մոտ ժամանակից շուտ են կնճիռներ դրսևորվում:

 

Կարևոր է

 

Ձեզ հարմար դիրքով քնելուց զատ, անպայման ուշադրություն դարձրել ներքնակին: Եթե պառկում եք անհարմար ներքնակի վրա, ստիպված եք լինում ամբողջ ժամանակ մի դիրքից մյուսին փոխվել:

 

Իսկ դա անքնության ամենագլխավոր պատճառներից մեկն է: Ամենահարմարը կիսակոշտ ներքնակն է:

 

Ի դեպ

 

Ուշ ժամերին սնվելը կարող է գիշերային մղձավանջի պատճառ դառնալ: Բանն այն է, որ եթե ուտում եք քնելուց առաջ, ապա գլխուղեղը «կարծում» է, որ ցանկանում եք ոչ թե քնել, այլ օգտագործել ստացված էներգիան, դրա համար էլ նրա ակտիվությունը չի նվազում, ինչն էլ կարող է հրահրել տհաճ հետևանքներ:

 

Հեղինակ`   Ն.Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company