Health Corner

Քրոնիկական ֆարինգիտ

Քրոնիկական ֆարինգիտը ըմպանի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումն է: Սովորաբար զարգանում է որպես ըմպանի սուր բորբոքային հիվանդության հետևանք`   անբավարար բուժման դեպքում: Հիվանդությունը հաճախ է հանդիպում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ենթարկվում անբարենպաստ գործոնների ազդեցությանը`   ծխել, ալկոհոլի չարաշահում, արտադրության մեջ օդի գազով և փոշով աղտոտում:   

Հիվանդության զարգացմանը նպաստում են բորբոքային թարախային ինֆեկցիաները`   քթի մեջ (հարբուխ), հարքթային խոռոչներում (հայմորիտներ), ըմպանում (տոնզիլիտ), բերանի խոռոչում (կարիեսային ատամներ), ինչպես նաև քթային շնչառության խանգարումը: Հաճախ քրոնիկական ֆարինգիտի զարգացման պատճառ է դառնում սիրտճանոթային և միզատար համակարգերի, լյարդի, ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումը, վիտամինային անբավարարությունը (հիպովիտամինոզ): Վերջին տարիներին սահմանվել է, որ բերանի խոռոչում և ըմպանի լորձաթաղանթում քրոնիկական բորբոքային ախտընթացների զարգացումը, որպես կանոն, արձանագրվում է աղիների դիսբակտերիոզով հիվանդների մոտ: Այսպիսով, քրոնիկական ֆարինգիտը հաճախ ոչ թե որպես ինքնուրույն հիվանդություն է հանդես գալիս, այլ օրգանիզմի օրգան-համակարգերի ախտաբանական վիճակի հետևանք կարող է լինել:  

Տարեց և ծերունական հասակում ըմպանի լորձաթաղանթում տարիքային փոփոխություններ են կատարվում, զարգանում է ատրոֆիկ ֆարինգիտ: 

Առկա են Ֆարինգիտի դրսևորման մի քանի տարատեսակներ`   կատարալ, ատրոֆիկ, հիպերտրոֆիկ, ինչպես նաև խառը ձևեր:  

Ատրոֆիկ ֆարինգիտ. որպես կանոն, այն զուգակցվում է քթի լորձաթաղանթի ատրոֆիայի հետ (ատրոֆիկ հարբուխ): Ախտանշաններն են`   անհանգստացնում է չորության ծանր զգացողությունը, կոկորդի քորը և քերծվելու զգացողությունը: Կուլ տալը ցավոտ է, կծու և աղի ուտելիքները ցավեցնում են, երբեմն լինում է չոր հազ, խզված ձայն: Կոկորդի չորության պատճառով խանգարվում է քունը: 

Կոկորդի բուժզննման ժամանակ հետին պատի լորձաթաղանթը չոր է, գունատ, փայլուն, կարծես լաքի բարակ շերտով պատված լինի, հաճախ չորացած, կեղևապատ լորձով ծածկված է լինում: 

Բուժումը. կատարում է  պոլիկլինիկայում քիթ-կոկորդ-ականջի բժիշկի կողմից: Կիրառվում են տեղային բուժգործողություններ և ընդհանուր բուժում: 

Նշանակվում են հիմնային և ջրա-գլիցերինային ողողումներ, բուժման լավ արդյունք են ապահովում յուղային և հիմնային ինհալացիաները, իսկ շատ չոր կեղևի առկայության դեպքում`   պրոտեոլիտիկ ֆերմենտներով (խիմոտրիփսին) ինհալացիաներ: Լայնորեն կիրառվում են պատրաստուկներ`   տեղային բուժման նպատակով, աերոզոլի ձևով, որը լորձաթաղանթի վրա վերականգնող ազդեցությունէ գործում, խթանելով գեղձային բջիջների արտազատում:

Ընդհանուր ազդեցության միջոցներից նշանակում են կենսածին խթանիչներ`   հալվեի մզվածք, B խմբի վիտամիններ A և E վիտամինների յուղային լուծույթ և այլն: 

Կատարալ և հիպերտրոֆիկ ֆարինգիտ

Ախտանշանները. կոկորդը քերծվում է, մրմռում է, կոկորդում կանգնած «գնդի» զգացողություն կա, կուլ տալու ժամանակ չափավոր ցավ, հազ:  Հիպերտրոֆիկ ֆարինգիտի դեպքում ըմպանում կուտակվում է մեծ քանակությամբ մածուցիկ լորձ, որը մշտապես հազալու, կոկորդը մաքրելու անհրաժեշտություն է առաջացնում, հատկապես առավոտյան, որն էլ երբեմն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխոցով: 

Կոկորդի բուժզննման ժամանակ արձանագրվում է ըմպանի լորձաթաղանթի կարմրություն և հաստացում, որի վրա կուտակված է մածուցիկ լորձը կամ լորձա-թարախային արտազատուկը: Ըմպանի լորձաթաղանթի մակերեսին, հատկապես հետին պատին լինում են մեծացած, առանձին խմբերով ֆոլիկուլներ (ավշային կուտակումներ): Փափուկ քիմքը և լեզվակը այտուցված են ու հաստացած: Հիպերտրոֆիկ ֆարինգիտի դեպքում այս բոլոր ախտանշանները ավելի խիստ են արտահայտված լինում:

Ըմպանի հետին պատին ավշային հյուսվածքի կուտակումն ու մեծացումը, կամ, ինչպես ասում են, գրանուլաները, «գրանուլոզ ֆարինգիտ» են նշանակում: 

Բուժումը. կատարում է քիթ-կոկորդ-ականջի բժիշկը պոլիկլինիկայում: 

Քրոնիկ ֆարինգիտի բոլոր տեսակների դեպքում ցանկալի է վերացնել անբարենպաստ գործոնների ազդեցությունը, խուսափել ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, արտադրությունում պահպանել շնչուղիների պաշտպանության անհատական միջոցները: Բացի դրանից, հարկ է բուժել ինֆեկցիաների քրոնիկական օջախները: 

Կատարալ և հիպերտրոֆիկ ֆարինգիտի բուժման համար լայնորեն կիրառվում են դեղաբույսերի եփուկներով ինհալացիաները (երիցուկի ծաղիկներ, եղեսպակի, էվկալիպտի տերևներ) և հիմնա-յուղային ինհալացիաներ: Նշանակվում են տարբեր տեսակի ողողումներ (երիցուկի, եղեսպակի, կաղնու կեղևի, էվկալիպտի տերևների թուրմ) և այլն: 

Նշանակվում են նաև տեղային օգտագործման համար մանրէային ազդեցության պատրաստուկներ, ինչպես նաև հականեխիչ և հակաբորբոքային արդյունքով դեղամիջոցներ: Ցուցված է նաև հոմեոապաթիկ բուժումը:

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company