Health Corner

Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը

Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ, բայց ամենից հաճախ ռիսկի խմբում են գտնվում 6 ամսականից մինչև  2 տարեկան երեխաները: Վիրուսը բազմանում է ստամոքսի և բարակ աղու լորձաթաղանթի բջիջներում և դուրս գալիս կղանքով: Այն փոխանցվում է սննդի կամ կեղտոտ ձեռքերի միջոցով: Լորձաթաղանթի ախտահարումը հանգեցնում է մարսողության խանգարման, օրգանիզմի սուր ջրազրկման և աղիների վատ աշխատանքի:

Հիվանդության առաջին ախտանիշներն են`   նոպայաձև, սուր ցավերը, փսխումը (օրը մի քանի անգամ), մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինև 38oC, թուլությունը: Կղանքը դեղնավուն է, սուր թթվահոտով: Ռոտավիրուսային ինֆեկցիաներն ախտանիշներով նման են սալմոնելոզին, սննդային թունավորումներին: Դրանք անհրաժեշտ է տարբերել: Ստամոքսային գրիպից հետո իմունիտետը կայուն է մնում: Չափահաս մարդը կարող է, նույնիսկ, չնկատել, որ հիվանդ է, իսկ նրան վարակել կարող են երեխաները, որոնց հետ նա շփվել է:

Հատուկ բուժում գոյություն չունի, այդպիսի դեպքերում անցկացվում է ախտանշաբանական բուժում, այսինքն, բուժումն ուղղված է հիվանդության դրսևորումների`   լուծի հեռացմանը, մարմնի ջերմաստիճանի իջեցմանը և այլն: Նշանակվում են սննդակարգեր և մարսողության գործընթացները լավացնող պատրաստուկներ`   ֆերմենտներ:

Երեխայի օրվա սննդակարգից անհրաժեշտ է բացառել կաթնային և կաթնաթթվային բոլոր մթերքները, բացառություն են կազմում կրծքով կերակրվող երեխաները: Հիվանդության ժամանակաընթացքում երեխաների մոտ նկատվում է ախորժակի վատացում, սակայն հարկ չկա նրանց ստիպողաբար կերակրել: Մարմնի բարձր ջերմաստիճանը դժվարությամբ է իջնում և կարող է այդ վիճակում մնալ մինչև 5 օր: Այդ դեպքում պետք է անմիջապես հրավիրել տեղամասային մանկաբույժին: Ջրա-աղային հավասարակշռության կարգավորման համար հանձնարարվում է պատրաստել ռեգիդրոնի լուծույթ և ընդունել յուրաքանչյուր ժամը մեկ`   50 մլ: Երեխան կարող է քնկոտ դառնալ, դրա համար աշխատեք նրան քիչ անհանգստացնել և մշտապես չափել մարմնի ջերմաստիճանը, իսկ երբ արթնանա, փորձեք շատ հեղուկ տալ նրան:

Ռոտավիրուսային ինֆեկցիայի դեպքում աղիների թուլությունը կարող է ձգվել մինչև 5 օր: Դրա համար աղիքային մանրէային ինֆեկցիաների կանխարգելման համար այն բոլոր պատրաստուկները, որոնք պետք է ընդունեն երեխաները,  անհրաժեշտ է համաձայնեցնել բուժող բժշկի հետ: Ստամոքսում և աղիներում մարսողության գործընթացների կարգավորման համար անհրաժեշտ է ընդունել ֆերմենտային պատրաստուկներ, որոնք սկսում են ներգործել անմիջապես ստամոքսի մեջ: Այդ պատրաստուկներին են դասվում մեզիմ-ֆորտեն, որի կազմության մեջ մտնում են մարսողության գործընթացների կարգավորման համար այնպիսի ֆերմենտներ, ինչպիսիք են`   ամիլազան, լիպազան, տրիպսինը և քիմոտրիպսինը:
 
Նաև շատ կարևոր է պահպանել կանխարգելիչ միջոցառումները, երեխային սովորեցնել փողոցից տուն մտնելիս և ուտելուց առաջ խնամքով լավանալ ձեռքերը:

Հեղինակ. Նարինե Ավետիսյան.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.201

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company