Health Corner

Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները:

Յուրաքանչյուր մարդ էլ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է: Այն, հատկապես, լինում է գարնանը։

Միջանցուկ քամի

Պարանոցը ցավում է, գլուխը շրջելը շատ դժվար է, հենց այսպես են նկարագրում մարդիկ իրենց վիճակը, պարանոցի միոզիտի կամ հիմնակմախքի մկանների բորբոքման դեպքում: Այս հիվանդության զարգացմանը հանգեցնում են և´ վիրուսային ինֆեկցիաները և´ չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և´ վնասվածքները: 

Սակայն, գարնանը, հաճախ, բորբոքման պատճառը դառնում է մրսածությունը, հատկապես, միջանցուկ քամին: 

Միոզիտին հատուկ է աստիճանաբար ավելացող մկանային թուլությունը, առավոտյան մեծ ջանքերով հաջողվում է գլուխը բարձից բարձրացնել, իսկ պարանոցն ուղիղ պահելն արդեն անասելի դժվար է:  

Պարանոցի հատվածում ցավերը  կարող են առաջանալ նաև առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներից, որոնց շարքում կարող են լինել այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսին ռևմատոիդ արթրիտն է և կրծքահեղձուկը: Որոշակի ցավի դեպքում հարկ է համոզվել, թե իրո՞ք այն միոզիտ է: 

Միոզիտի հիմնական դրսևորումը պարանոցի ցավն է, որը տարածվում է դեպի ուսերը, ծոծրակը, ականջները, ճակատը: Տհաճ զգացողությունը չի վերանում նաև քնած ժամանակ և ուժեղանում է ցրտին: Ցավոտ հատվածը շոշափելիս, զգացվում է, որ մկանները խիստ լարված են, իսկ այդ հատվածի մաշկը տաք է: 

Պարանոցային միոզիտը շատերն անվտանգ հիվանդություն են համարում և փորձում են ինքնուրույն բուժվել, այդ հատվածը շփելով տաքացնող քսուքներով և տաք շալով փաթաթելով: Նման գործողությունները որոշակի արդյունք տալիս են, սակայն մկանների բորբոքումը լիովին չեն վերացնում: Իսկ չբուժված միոզիտն արդեն քրոնիկական ձևին է անցնում. հենց որ մի թեթև մրսածություն կամ գերհոգնածություն է լինում, պարանոցի ցավը վերականգնվում է: 

Այս պատճառով էլ բուժումն անպայման պետք է համալիր լինի: Բացի ցավազրկող դեղորայքից, բուժումը պետք է ներառի ոչ ստերոիդ հակաբորբոքային պատրաստուկներ: Համալիր բուժման մեջ կարող է մտնել նաև ասեղնաթերապիան և պրոբլեմային հատվածի էլեկտրախթանումը: Տվյալ մեթոդները ոչ միայն վերացնում են ցավագին ջղակծկումները, այլև լավացնում են մկանների և նյարդերի արյան շրջանառությունը, որն էլ օգնում է վերացնել բորբոքումը: Եթե չկան հակացուցումներ (օրինակ, ալերգիա կամ զարկերակային արյան ճնշում), բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարելի է տզրուկաբուժության կամ մեղվաբուժության անցնել: Հիանալի արդյունք է ապահովում մերսումը, միայն թե պրոֆեսիոնալ մասնագետի մոտ:

Այս բոլոր միջոցառումները, որոնք պետք է անհատական ընտրվեն յուրաքանչյուրի համար, հնարավորություն են տալիս արագ վերականգնել առողջությունը և կանխարգելել կրկնումը:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company