Encyclopedia

Սուրճ

Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի սուրճն ունի օրգանիզմի թարմությունը խթանող ազդեցություն:

Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ անհանգիստ պահվածք են դրսևորում: Հետևելով այծերին`   հովիվը տեսել է, թե ինչպես են կենդանիները սրճի թփից պոկում և «վայելում» թփի «պտուղները»:

 

Հետաքրքրությունից դրդված`   Խալդին ինքն էլ համտեսել է այդ «հատապտուղը» և հանկարծ նկատել, որ ուրախության և ավյունի մի նոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Իր զգացողությունների մասին Խալդին պատմել է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշել են համտեսել այդ հատիկները և դրանցից եփուկ պատրաստել:

 

Ահա, այդպես էլ սկսվել է սուրճի պատմությունը: Խալդիի պատմությունից երեք դար անց Արաբական թերակղզում աճեցրին սուրճի առաջին թփերը, որոնց պտղի բոված հատիկներից արաբներն սկսեցին պատրաստել ըմպելիք`   դրան տալով «կաֆա» անվանումը: 

 

Սկզբնական շրջանում սուրճի ամբողջական հատիկները բովում էին քարե սալիկների վրա, հետագայում`   մետաղական թիթեղների: Բոված հատիկները մոտ կես ժամ եռացնում էին և ստացված թունդ ու սև հեղուկը մինչև խմելը պահում տակառների մեջ: 
 
Այդ տարօրինակ ըմպելիքի հանդեպ աճող հետաքրքրությունը մղեց նրան, որ կատարելագործվեցին վերջինիս պատրաստման եղանակները: Բոված հատիկներն սկսեցին աղալ և հետո միայն եփել: Հաճախ ըմպելիքն առավել ազնվահամ դարձնելու նպատակով թուրմին ավելացնում էին շաքար և տարբեր տեսակի համեմունքներ`   հիլ, դարչին, մեխակ և այլն: 
 
XV դարի սկզբից սուրճը մուտք գործեց Եվրոպա, մասնավորապես`   Վենետիկ, հենց նույն դարում էլ Իտալիայի մի քանի քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները: Քիչ ավելի անց սուրճը ներմուծվեց Անգլիա և այնքան հոգեհարազատ դարձավ անգլիացիներին, որ նրանք բացեցին սրճարաններ, որոնց տվեցին «Մի փենի արժեցող համալսարան» անվանումը:
 
1688թ. Էդվարդ Լլոյդը բացեց իր սեփական սրճարանը, որից և սկսվեց ներկայումս համաշխարհային մեծ ճանաչում ունեցող համանուն ապահովագրական ընկերության պատմությունը: Անգլիայում տարածում գտնելուց հետո միայն մեկը մյուսի ետևից սրճարաններ բացվեցին Ֆրանսիայում, Ավստրո-Հունգարական կայսրությունում և Գերմանիայում:
 
Սրճարաններում կարելի էր ոչ միայն ճաշակել բուրումնավետ ըմպելիքը, այլ ուղղակի շփվել մարդկանց հետ, տեղեկանալ վերջին նորություններին և նույնիսկ հանդիպել հայտնի մարդկանց: Օրինակ՝ «Պրոկոպ» անվանումով հայտնի ֆրասնիական սրճարանը շատ արագ վերածվեց գրական սալոնի, որտեղ հավաքվում էին այն ժամանակվա նշանավոր մարդիկ`   պոետներ, դրամատուրգներ, դերասաններ, երաժիշտներ:
 
«Պրոկոպ»-ի այցելուներից էին այնպիսի հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ, ինչպիսիք էին Ռուսոն, Դիդրոն, Վոլտերը: Հետզհետե կատարելագործվեցին նաև սուրճի պատրաստման եղանակները, ի հայտ եկան էսպրեսո տեսակի սուրճ պատրաստելու մեքենաները, իսկ սուրճը բովելու համար սկսեցին օգտագործել բնական գազն ու տաք օդային միջավայրը: 
 
Սակայն սուրճի հանրայնացման պատմության մեջ հեղաշրջումային էր 1938թ.-ը, երբ «Նեսթլե» (Nestle) ընկերությունն առաջին անգամ արտադրեց «Նեսկաֆե» (Nescafe) կոչվող լուծվող սուրճը: Այդ պահից սկսած`   սուրճը դարձավ աշխարհի ամենասիրված և մեծ պահանջարկ ունեցող ըմպելիքը (ըստ վիճակագրական տվյալների`   ամեն տարի աշխարհում օգտագործվում է ավելի քան 400 մլրդ գավաթ սուրճ): 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.