Encyclopedia

Հովանոց

Հովանոցի հայրենիքը Ճապոնիան է: Առաջին հովանոցը պատրաստվել է մ.թ.ա 10-րդ դարում մի սովորական ատաղձագործի կողմից: Հովանոցն ավելի քան երկու կիլոգրամ քաշ ուներ, բռնակի երկարությունը՝ մոտ մեկ ու կես մետր երկարություն: Հովանոցն օգտագործվում էր բացառապես արևից պաշտպանվելու համար:

Չնայած հովանոցի հեղինակը սովորական արհեստավոր էր, Հեռավոր Արևելքում դրանից կարող էին օգտվել միայն արքայական ընտանիքի անդամներն ու հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մարդիկ: Հովանոցն իշխանության և ընտրյալ լինելու խորհրդանիշ էր: Հովանոցի քաշն ու ձևն ուղիղ համեմատական էին նրա տիրոջ՝ հասարակության մեջ զբաղեցրած դիրքին:

Հին Եգիպտոսում և Բաբելոնում հովանոցները երկու դեր ունեին`   պաշտպանում էին արևից և խորհրդանշում էին իշխանությունը: Եգիպտական փարավոնների հովանոցները պատրասվում էին արմավենու տերևներից և թռչունների փետուրներից ու, բնականաբար, ավելի թեթև էին, քան ճապոնականները:
 
Արևելքից հովանոցներն անցան Հին Հունաստան, ապա Հռոմ, որտեղ դրանք օգտագործում էին հիմնականում կանայք, որպեսզի պահպանեն իրենց մաշկի «ազնվազարմ» ճերմակությունը: Արևմտյան Եվրոպայում հովանոցը հայտնվեց միայն XVII դարում: Այն կոչվում էր «պարասոլ» (ֆր. sol- արև բառից): Օգտագործվում էր արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով:
 
Պարասոլը կարգավիճակը մատնող իր չէր: Այն հասանելի էր բոլորին, սակայն դրա արտաքին տեսքից, միևնույն է, հնարավոր էր կռահել տիրոջ հասարակական կարգավիճակի մասին: Համարվում է, որ առաջին դիզայներական հովանոցը պատկանում է Մարիա Անտուանետային: Այն կետի բեղից էր պատրաստված և ավելի քան 1,5 կիլոգրամ էր կշռում:
 
Առաջին մարդը, որը որոշեց պաշտպանվել անձրևից անձրևանոցի միջոցով, ճանապարհորդ Ջոն Հանվեյն էր: Հանվեյը փոխարինեց ժանյակներն ու ժապավեններն ավելի ամուր կտորով և սկսեց պարբերաբար այդպես զբոսնել Լոնդոնի փողոցներով:
 
19-րդ դարի 40-ական թվականներին հայտնաբերվեցին ծալվող հովանոցները, որոնք միանգամից լայն տարածում գտան: Ժապավենազարդ ժանյակավոր հովանոցներն իրենց տեղը զիջեցին ավելի պրակտիկ մոդելների, որոնք XIX դարի կեսին արդեն անհաղթելի լիդերներ էին:
 
20-րդ դարի սկզբին շքեղ կանացի հովանոցները դեռ նորաձև էին, սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրությունը վերջնականապես փոխվեց: Հետագայում հովանոցը ձեռք բերեց ևս մեկ գործառույթ: Այն պաշտպանում էր փողոցային հարձակումներից: Այսպես, հովանոցի վրա տեղադրված հատուկ կոճակին սեղմելիս այն արտանետում էր հատուկ գազ ու բարձրա ազդանշան էր արձակում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.