Encyclopedia

Հայոց գրեր

Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405թ.-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ:

Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք:

Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով:
 
Երրորդ փուլում Մաշտոցը դասավորել է տառերը, ճշտորոշել է նրանց թվային արժեքները, տվել համապատասխան անուն: Չորրորդ և վերջին փուլում սահմանել է հայերեն նորաստեղծ գրերի գործածության կանոնները, մշակել գրչության արվեստի հիմունքները: 
 
Ըստ Կորյունի՝ այդ նպատակով Մաշտոցը Սամոսատ քաղաքում հույն գրիչ Հռոփանոսի հետ ձևավորել է հայոց գրերը, ապա Աստվածաշնչից թարգմանաբար գրել հայերեն առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: 
 
Ժամանակակից հայերենն ունի 39 տառ: Արևելահայերենում ւ-ը`   որպես առանձին տառ, չի գործածվում:
XII դարի վերջերին հայերենի այբուբենը համալրվել է օ և ֆ, XX դարում՝ և տառերով: Միջնադարում հայոց գրերը նաև նկարազարդել են ծաղկողները (նկարիչներ):
 
Զանազան խորհրդանշական պատկերներով ծաղկած հայոց գրերը դարձել են գեղեցիկի և իմաստավորի կրողներ ու արտահայտիչներ: Հայկական գիրը հնչյունական-տառային գրատեսակ է և իր կազմով՝ ամբողջական: Կազմված է մեկ հնչյունին՝ մեկ տառ, մեկ տառին՝ մեկ հնչյուն սկզբունքով: Չնայած որոշ փոփոխությունների՝ հայկական գիրը ցայսօր պահպանել է նշված սկզբունքը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.