Encyclopedia

Հայերեն ամենահին թղթե ձեռագիրը

Հայերեն ամենահին թղթե ձեռագիրը գրվել է 981թ. Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը`   Դավիթ քահանան:

Այն համարվում է հայ ձեռագրական արվեստի բարձրարժեք նմուշներից մեկը: Բաղկացած է 360 թերթից, ունի 28,5×15,5 սմ մակերես («Մատեան գիտութեան եւ հավատոյ Դավթի քահանայի», նմանատպություն: Ուսումնասիրությունը, վերծանությունը, ծանոթագրության ցանկերը աշխատասիրությամբ Ա. Մաթևոսյանի, Ե., 1997թ.):

 

Հնությամբ աշխարհում չորրորդն է, բովանդակության կարևորությամբ`   առաջիններից (որպես գիտական նյութերի ժողովածու): Թղթե ձեռագիրն ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է և բոլորգրով գրված առաջին ամբողջական մատյանը: Կազմել է Դավիթ քահանա մատենագիրը, գրել է որդին`   Ղուկասը (հավանաբար`   Արգինայում):
 
Բովանդակում է աստվածաբանական, պատմագրական, տիեզերագիտական, տոմարագիտական, չափագրական, աշխարհագրական, փիլիսոփայական նյութեր, ժամանակագրական, գեղարվեստական առանձին երկեր, հանելուկներ:
 
Ընդգրկում է հայ հեղինակների մեծ ցանկ`   Գրիգոր Ա Լուսավորիչ, Եղիշե, Մովսես Խորենացի, Հովհաննես Ա Մանդակունի, Աթանաս Տարոնացի (որպես ժամանակագիր առաջին անգամ ենք հանդիպում), Դավիթ Հարքացի, Պետրոս Սյունեցի, Վրթանես Քերթող, Անանիա Շիրակացի, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ:
 
Այստեղ ընդգրկված են նաև Փիլոն Ալեքսանդրացու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Ապողինար Լաոդիկեցու, Գրիգոր Նյուսացու, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց երկերից հատվածներ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.