Encyclopedia

Օդապարիկ

Օդապարիկը թռչող ապարատ է, որը թռիչքի համար օգտագործում է շրջապատող օդի խտությունից քիչ խտություն ունեցող (ըստ Արքիմեդի օրենքի) գազի (կամ տաքացրած օդի) թաղանթի ամբարձչի ուժը:

Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման և օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են XVIII դարում: Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783թ.-ին, երբ ֆրանսիացի Ժոզեֆ և Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան և բարեհաջող վայրէջք կատարեցին:

 

Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն և դ’Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք կատարեցին: Այնուհետև օդապարիկով սկսեցին թռչել շատերը, սկսվեց օդագնացության դարաշրջանը: Օդապարիկով կատարվող առաջին թռիչքները զվարճության համար էին, այնուհետև դրանք սկսեցին կիրառվել նաև գիտական նպատակներով:
 
XIX դարի կեսերին օդապարիկներն սկսեցին լայնորեն կիրառվել ռազմական գործողություններում (ռմբակոծում, հետախուզում, լուսանկարում և այլն): Սակայն օդապարիկը թռչում էր ոչ թե օդագնացներին անհրաժեշտ, այլ քամու քշած ուղղությամբ, այդ պատճառով գյուտարարները մտածում էին օդապարիկի թռիչքը կառավարելի դարձնելու մասին:
 
Կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784թ.-ին առաջարկել է ֆրանսիացի ռազմական ճարտարագետ Հ. Մենիեն: Նրա օդապարիկը հանդերձված էր ձեռքով պտտվող օդային պտուտակներով: 1852թ.-ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը շոգեշարժիչավոր օդապարիկով կատարեց առաջին կառավարելի թռիչքը:
 
Մինչև 1930-ական թվականների կեսերը ուղևորատար օդապարիկները և դիրիժաբլները լցնում էին ամենաթեթև գազով՝ ջրածնով: Ջրածինը, սակայն, դյուրությամբ բոցավառվում էր, և մի շարք աղետներից հետո ստիպված եղան հրաժարվել դրանից: Հետագա տարիներին օդապարիկները և դիրիժաբլներն սկսեցին լցնել հելիում գազով, որը չի այրվում և այդ առումով ջրածնից անհամեմատ անվնաս է:
 
Ժամանակակից օդապարիկի գնդի թաղանթը պատրաստվում է նայլոնից: Գնդի վերին մասում տեղադրված է փականը, որը վայրէջքից հետո բացում են՝ արագորեն դուրս թողնելով օդը: Օդապարիկի ներքևում ճոպաններից կամ առասաններից կախված է զամբյուղ-գոնդոլը: Այդտեղ նստում են անձնակազմը և ուղևորները, տեղադրված են սեղմված գազով լի բալոններ, թռիչքի բարձրությունն ու ուղղությունը չափող, վառելանյութի ծախսը որոշող սարքեր:
 
Զամբյուղի հիմնակմախքին ամրացված է նաև գազայրոցը, որի կարճատև բռնկումներով տաքանում է օդն օդապարիկի վեր բարձրանալու և թռիչքի ընթացքում: Վայրէջքի ժամանակ բացում են փականը կամ անջատում են գազայրոցը, գնդի ներսում օդը սառչում է, և օդապարիկն սկսում է վայր իջնել:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.