Encyclopedia

Ակնոց

Ակնոցը հայտնվել է միայն 13-րդ դարում Հռոմում, բայց, իհարկե, ոչ այն տեսքով, ինչպես հիմա է: Ակնոց անվան տակ մարդիկ հասկանում էին թանկարժեք քարերը. բարձր խավի ներկայացուցիչներն իրենց ունեցած քարերով կարողանում էին նայել արևին՝ չցավեցնելով աչքերը:

Ակնոց համարվող թանկարժեք քարերը մինչև 13-րդ դարի երկրորդ կես այդպիսին էլ մնացին: Հետո սկսեցին մշակել այդ քարերը և պատրաստեցին ակնոցներ միայն մեկ աչքի համար: Հետո առաջ եկավ շրաջանակի գաղափարը:

 

Տեսողությանը նպաստող ակնոցն առաջին անգամ հայտնվել է Իտալիայում: Ըստ փաստաթղթերի՝ այն հայտնվել է 1285 թվականին, ըստ այլ տեղեկությունների՝ 1280 թվականին: Ասում են՝ այն ստեղծել է մի ապակեգործ: Նա ապակի պատրաստելուց պատահաբար նյութը թափել է հարթ մակերեսի վրա և, հետո նայելով նրա միջից, պարզել է, որ այս ապակին մեծացնում է իրերը:
 
Քայլ առ քայլ ակնոցն սկսեց զարգանալ ու տարածում գտնել: 14-րդ դարում այն հասավ Չինաստան: Ակնոցն այստեղ էլ զարգացում ապրեց: Հենց չինացիները որոշեցին պատրաստել մգեցված ապակիներով ակնոցներ, այդ ակնոցներն սկսեցին օգտագործել բացառապես դատավորները, որպեսզի ոչ ոք տեսներ դատավորի աչքերը:
 
Այնուհետև մգեցված ապակիներով ակնոցները տարածվեցին, և շուտով դրանք սկսեցին օգտագործել աչքերն արևից պաշտպանելու համար: Մեծացնող այս հրաշքի հաջորդ զարգացումը տեղի ունեցավ 16-րդ դարում:
 
Այն ժամանակ ակնոցը մի հարմարանքով էր ամրանում քթին, որը նման էր լվացքի համար նախատեսված ամրակի: Դրանք, սակայն, ցավեցնում էին քիթը: Միայն 16-րդ դարում որոշեցին թելերի օգնությամբ դրանք կապել ականջներին, իսկ հետո նաև ստեղծել ակնոցի այնպիսի պոչիկներ, որոնք հիմա ակնոցների անբաժանելի մասնիկներն են:
 
Եվ այսպես, ակնոցների լույս աշխարհ գալը կարևորագուն իրադարձություն դարձավ աշխարհում: Այդպիսով մարդկանց ակտիվ կյանքն ավելի երկար սկսեց տևել, ու այլևս ոչ ոք ստիպված չեղավ միջին տարիքում իրեն ծեր զգալ:
 
Այսօր էլ ակնոցը շարունակում է զարգացում ապրել ու համարվել անչափ պիտանի իր: Այն նույնիսկ հասցրել է նորաձևության անբաժան տարր դառնալ, և հաճախ մարդիկ ակնոցներ կրում են անգամ այն դեպքում, երբ տեսողական ոչ մի խնդիր չունեն:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.