Encyclopedia

Բանկոմատի գյուտ

Բանկոմատի գյուտը պատկանում է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանին 1905թ. հունվարի 28 - 1997թ. հոկտեմբերի 23), որը հեղինակ է նաև այլ բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավել արտոնագրեր:

1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն`   Automated Teller Machine- ATM) ստեղծման գաղափարը: Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր`   կատարելագործելով սարքը`   հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար:

 

Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր`   Citibank) իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ: Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ: Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ`   1965 թվականին`   մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:

 

Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի  ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը , որն օգտագործվում էր ԱՄՆ-ի ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը: Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից:

 

Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է 1905 թվականին Այնթապում: Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև`   Մարսել: 1920 թվականին արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ: Յեյլի բժշկական դպրոցի  լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը:

 

Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը: 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք:

Սիմջյանը մահացել է 1997 թվականին:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.