Encyclopedia

Համակարգչային մուկ

Համակարգչային մկնիկը սարք է`   նախատեսված էկրանի գրաֆիկական պատկերների հեռակառավարման համար: Մկնիկի գյուտը վերագրվում է Դուգլաս Էնգելբարտին:

Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության (NASA) մասնակի ֆինանսավորմամբ Ստենֆորդի համալսարանի հետազոտական ինստիտուտի աշխատակից Էնգելբարտը սկսեց մտածել մի այնպիսի սարք ստեղծելու ուղղությամբ, որը հնարավորություն կտար նշելու և ուղեկցելու մոնիտորի վրա երևացող օբյեկտը:

 

Եվ ահա, 1962 թվականին լույս աշխարհ եկավ փայտե պատյանով մի սարք: Առաջին մուկը (այս անվանումը, ի դեպ, հայտնվեց ավելի ուշ, երբ մի օր նայելով փայտե տուփին`   Էնգելբարտն այն նմանեցրեց պոչավոր կրծողին) կոչվում էր «x և y դիրքերի ցուցիչ»: Այն հավաքել էր Բիլ Ինգլիշը, իսկ սարքի հնարավորությունները ներկայացնող ծրագրերը գրել էր Ջեֆ Ռուլիֆսոնը:

 

NASA-ն, սակայն, սարքը չգնահատեց, քանի որ աշխատանքի համար անհրաժեշտ էր ձգողականություն, որը տիեզերքում բացակայում է: Սակայն Էնգելբարտի փոքր-ինչ ձևափոխված մուկը 1968 թվականին ներկայացվեց մի խումբ ճարտարագետների: Այդ մուկն ուներ միևնույն չափի երեք կոճակ: Դուգլասը կարողացավ տեղադրել միայն երեքը, թեև ցանկանում էր, որ սարքն ունենար հինգ կոճակ:
 
Հետագայում մկան կատարելագործմամբ զբաղվեց "Xerox" ընկերության հետազոտական կենտրոնը, որի մասնագետները ձևափոխեցին սարքը, և հենց "Xerox"-ում այն նմանվեց ժամանակակից մկնիկին: Սկավառակները փոխարինվեցին գնդիկով և պտտագլանիկներով: "Xerox" ընկերությունն առաջին անգամ մուկը ներկայացրեց որպես Alto համակարգչի մաս 70-ականների սկզբներին:
 
Մկան հետագա պատմությունը շաղկապված է Apple ընկերությանը: Այնտեղի հետազոտողները մկան կառուցվածքն ավելի ժամանակակից դարձրեցին: Հնարավոր եղավ հանել գնդիկը և մաքրել մկան «ներքին օրգանները»: Բացի այդ, երեք կոճակի փոխարեն թողեցին միայն մեկը: Այսօր արդեն գոյություն ունեն կառուցվածքային առումով տարբեր տեսակի մկներ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.