Health Corner

Ստամոքս-կերակրափողային հետհոսք` ռեֆլյուքս

Երբեմն հետկրծոսկրային շրջանում առաջացող այրոցը, գղտոցը սովորաբար կապում են ստամոքսը սննդով կամ օդով լցվելու հետ: Իսկ եթե այն հաճախ Է կրկնվում կամ նույնիսկ չի դադարում, շարունակվում է օրվա ընթացքում և ուղեկցվում որովայնի վերին հատվածում`   հետկրծոսկրային շրջանում, առաջացող ցավի զգացումով, անհրաժեշտ է դիմել բժշկի: Պետք չէ խուճապի մատնվել, բայց և չի կարելի հապաղել:

 

Պարզապես պետք է գիտենալ, որ այդ ախտանիշը բնորոշ է ստամոքս-կերակրափողային հետհոսքի (ռեֆլյուքս) հիվանդությանը, որը չնայած վարակիչ չէ, բայց ամբողջ աշխարհում իսկական «համաճարակի» բնույթ է կրում: Այն բավական հաճախ է հանդիպում նաև Հայաստանում: Ինչ-որ չափով դա կապված է ֆիզիկական ցածր ակտիվության և նստակյաց կյանքի հետ, որի հետևանքով աստիճանաբար խաթարվում է կերակրափողից ստամոքս սննդի անարգել անցնող փականային բարդ համակարգը, որը կանխում է ինչպես սննդի, այնպես էլ թթու պարունակող «ագրեսիվ» ստամոքսահյութի հետհոսքը`   ռեֆլյուքսը, ստամոքսից կերակրափող: Այդ համակարգի գործառույթի խաթարման հետևանքով աղաթթու և պեպսին, որոշ դեպքերում էլ լեղի պարունակող հյութը ստամոքսից անցնում է կերակրափող և վնասում հիմնականում լորձաթաղանթի ստորին մեկ երրորդ հատվածը. ժամանակավոր կամ տևական գրգռում, մակերեսային բորբոքում, կերակրափողի լորձաթաղանթի խոցոտում: Որոշ դեպքերում լորձաթաղանթի մակերեսային շերտը`   էպիթելը փոխում է իր բնույթը. բազմաշերտ տափակ բջջային էպիթելը դառնում է միաշերտ գլանաձև: Այս վիճակը մասնագիտական գրականության մեջ հայտնի է «Բարրետի կերակրափող», իսկ եթե այս փոփոխություններն առաջանում են կերակրափողի արդեն ձևավորված խոցի շրջանում, ապա «Բարրետի

խոց»անվանումով:

 

Ահա այստեղ է, որ հիվանդին պետք է բացատրել վիճակի ամբողջ լրջությունը և բուժումը ճիշտ ուղղությամբ տանել:«Բարրետի կերակրափողը» համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն. այս դեպքում քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է ավելի քան 40 անգամ:«Բարրետի խոցով» տառապող 100 հիվանդներից 8-10-ի մոտ կարող է զարգանալ քաղցկեղ, որը կարելի է կանխել ժամանակին իրականացնելով անհրաժեշտ հետազոտություն ու բուժում:

 

Այսպիսով, ինչ պետք է անել և ում պետք է դիմել նման ախտանիշի դեպքում: 

 

Նախ պետք է դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին, որի ցուցումով էլ կսկսվեն էնդոսկոպիական և մարսողական ուղու ռենտգենյան կոնտրաստային (ցայտներանգային) պարտադիր հետազոտությունները: Ախտորոշմանը մեծապես կօգնի կերակրափողում թթվայնության և ճնշման մակարդակի որոշումը:

 

Բուժումը պետք է սկսի և շարունակի հիվանդությանը քաջատեղյակ հմուտ մասնագետ-բժիշկը, որը կիրականացնի պահպանողական բուժում: Հիվանդության սկզբնական շրջանում (առաջին և երկրորդ փուլեր) նվազեցվում է ստամոքսահյութի թթվայնությունը, կարգավորվում կերակրափողի, ստամոքսի, աղիքների շարժունակությունը (մոտորիկան): Կարևոր է որոշակի սննդակարգի և օրվա ռեժիմի պահպանումը: Կերակրափողից, ստամոքսամուտքից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության ժամանակ հնարավոր է, որ հայտնաբերվի Helicobacter pillory մանրէն, որի դեմ պայքարն իրականացվում է հակաբիոտիկներով: Ճիշտ կազմակերպված բուժման դեպքում հաճախ երկար ժամանակ զգալիորեն թեթևանում է հիվանդի վիճակը: Բայց այստեղ պետք է նշել մի կարևոր հանգամանք, որի անտեսումը կարող է վնասել հիվանդին: Դա այն դեպքն է, երբ միայն դեղորայքային միջոցներով բուժվելու, վիրահատության չենթարկվելու հիվանդի ու թերապևտի ցանկությունները համընկնում են, և այդ պահպանողական բուժումը շարունակվում է տարիներով, երբ այն նույնիսկ իրականացվում է հիվանդության զարգացման 3-4-րդ փուլերում, այսինքն, երբ կերակրափողում արդեն խոցեր են գոյացել: Դա անթույլատրելի է: Անհապաղ պետք է դիմել վիրաբույժի: Ստամոքսահյութի հետհոսքը կանխող վիրահատական բազմաթիվ եղանակներ կան, որոնցով կանխվում են և այրոցի, և ցավի, և գղտոցի զգացումը: Այժմ տարբեր կլինիկաներում կատարվում են ստամոքս-կերակրափողային հետհոսքը կանխող ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ վիրահատություններ:

 

Հիշեք, որ առանց բժշկի խորհրդի ինքնաբուժմամբ զբաղվել չի կարելի: Ճիշտ և ժամանակին կատարված հետազոտությունների և բուժման շնորհիվ կարելի է խուսափել հիվանդության տարբեր բարդություններից:

 

 


Հեղինակ. Սուրեն Ստեփանյան բ.գ.թ., դոցենտ Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ վիրաբուժության N 2 ամբիոնի վարիչ,«Արմենիա» ԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company