Health Corner

Ատամների խնամքը

Անհերքելի է ատամների կարևոր դերն ու նշանակությունը մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Բնականոն աճած և առողջ վիճակում գտնվող ատամները որոշակիորեն ապահովում են մարդու վայելուչ տեսքը և խոսակցական ակտը, իսկ սննդի մշակման և մարսման գործընթացն անհնարին է առանց դրանց: Ատամների հիվանդությունները, սակայն, բացասաբար են անդրադառնում որոշ օրգան-համակարգերի գործունեության վրա:
Հնագույն ժամանակներից սկսած՝ մարդկային հասարակության զարգացմանը համընթաց կատարելագործվել են ատամների խնամքի և դրանց արտաքին տեսքի բարելավման, հիվանդությունների կանխարգելման ձևերն ու եղանակները:
 
Սխալ և վատ խնամվող, առավել ևս բոլորովին անուշադրության մատնված ատամների մակերեսին ատամնափառ է գոյանում, որը բաղկացած է լինում թքի մեջ պարունակվող լորձից, աղերից, ինչպես նաև սննդանյութերի մնացորդներից ու մանրէներից:
 
Մաքրման տարբեր միջոցներով ատամնափառը հեռացնելուց հետո այն 2-6 ժամը մեկ նորից է գոյանում: Երկար ժամանակ պահպանվելով`   ատամնափառը ենթարկվում է ինչպես մեխանիկական, այնպես էլ քիմիական փոփոխության`   աստիճանաբար վերածվելով ատամնաքարի:
 
Վերջիններս տարբեր աստիճանի հանքայնացված զանգվածներ են`   կազմված օրգանական (10-30%) և անօրգանական (70-90%) նյութերից, ունեն կարծր խտություն և ատամից ավելի մուգ գույն, ամուր կպչում են ատամների հիմնականում հետին մակերեսին:
 
Դրանք տեղակայվում են ատամների ոչ միայն ազատ`   վերլնդային հատվածներում, այլև լինդ-ատամնային գրպանիկներում, մեխանիկորեն գրգռում են հարևան հյուսվածքներին, նպաստում դրանց բորբոքմանը (պարադոնտիտ), ատամների շարժվելուն և կորստին:
 
Ատամների և բերանի լորձաթաղանթի վատ խնամքի հետևանք է նաև կարիեսը, որն ատամների բակտերային հիվանդություն է և արտահայտվում է դրանց հյուսվածքի քայքայումով: Ընդունած սննդի մնացորդները, երկար ժամանակ չհեռացվելով ատամների մակերեսից, միջատամնային ճեղքերից, նպաստավոր միջավայր են դառնում բերանի խոռոչում գտնվող մանրէների համար:
 
Դրանք բազմանալով`   արտադրում են տարբեր թթուներ, որոնք նախ տեղ-տեղ քայքայում են ատամների արծնը, ապա նրա ստորադաս ատամնային հյուսվածքը`   հանգեցնելով խոռոչի գոյացման: Երբ քայքայման գործընթացը հասնում է ատամի նյարդին, հիվանդությունն ուղեկցվում է ցավերով, որոնք կարող են անտանելի դառնալ:
 
Եթե կարիեսը նախնական փուլում չի հայտնաբերվում և ժամանակին չի բուժվում, ատամը ոչ միշտ է հաջողվում փրկել: Բացի այդ, կարող են առաջանալ ավելի լուրջ բարդություններ, այդ թվում`   օրգանիզմի ինքնաթունավորում: Այստեղից հետևում է, որ ատամները պահանջում են ամենօրյա հետևողական խնամք:
 
Նախ անհրաժեշտ է դրանք մաքրել համապատասխան խոզանակով և մածուկով ինչպես առավոտյան լվացվելիս, այնպես էլ ուշ երեկոյան`   քնելուց առաջ: Ըստ որում`   մածուկով խոզանակը պետք է հորիզոնական և ուղղահայաց շարժումներով շփել ատամնաշարերի ինչպես առաջային ու հետին, այնպես էլ միմյանց շփվող մակերեսներին:
 
Այդպես միջատամնային ճեղքերը լավ են մաքրվում: Այնուհետև պետք է բերանը ողողել ջրով (ցանկալի է գոլ)`   ատամի մածուկի մնացորդները հեռացնելու համար: Օրվա ընթացքում յուրաքանչյուր անգամ սնվելուց հետո նույնպես չպետք է մոռանալ բերանը ողողել սովորական կամ հանքային ջրով կամ որոշ բույսերի (թեյի, վարդի, ուրցի, երիցուկի) թուրմերով:
 
Օգտակար է նաև շաքար չպարունակող մաստակը: Առանձին դեպքերում, մասնավորապես`   մսով ճաշատեսակ ուտելուց հետո, կարիք է լինում ձողիկներ օգտագործել: Սակայն պետք է խուսափել պատահական ձողիկներից (ծառերի ճյուղեր, լուցկու հատիկներ, բույսերի ցողուններ, ձկան փշեր և այլն), քանի որ դրանց մակերեսին գտնվող զանազան մանրէները, վիրուսները, սնկերը ախտահարում են ինչպես լնդերը, այնպես էլ ատամները:
 
Եվ ընդհանրապես ձողիկները`   թեկուզ հատուկ պատրաստված, կոպտորեն հրվելով ատամների արանքը, տեղաշարժում են վերջիններիս, քերում դրանց և լնդերի մակերեսը, երբեմն անգամ արյունահոսություն առաջացնում: Այս տեսակետից ավելի հարմար է ֆլոսը (հատուկ թել բռնիչով կամ առանց դրա):
 
Օգտագործվում են նաև սուպերֆլոսներ, որոնց թելի մակերեսը ծածկված է սպունգի նուրբ շերտով, որի շնորհիվ ատամներն ավելի լավ են մաքրվում: Ֆլոսը պետք է անցկացնել միջատամնային ճեղքի մեջ, սղոցաձև շարժումներով սահեցնել ատամների միմյանց դարձած մակերեսով:
 
Ֆլոսը հնարավորություն է տալիս նաև հայտնաբերել ատամների մինչ չնկատված վնասվածքները`   ատամնաքարեր, կարիես՝ ուշադրություն դարձնելով թելի ոչ սահուն շարժմանը կամ նրա կտրվելուն: Անհրաժեշտ է առավելագույնս խուսափել այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսիք են ատամներով ընկույզ կոտրելը, քնելուց առաջ կոնֆետ կամ քաղցրավենիք ուտելը, քաղցր հյութեր խմելը և այլն:
 
Ատամի արծնի «թշնամիներից» են նաև թթու սննդանյութերը, եթե դրանք ուտելուց հետո բերանը չի ողողվում կամ չեզոքացնող մաստակ չի օգտագործվում: Լավ խնամված և առողջ ատամներն ապահովում են օրգանիզնի բնականոն գործունեությունը, իսկ տիրոջը պարգևում գեղեցիկ ժպիտ:
 
Հեղինակ`   Էդուարդ Ա. Դանիելյան
Աղբյուր`   Առողջապահություն 1.2011 (290)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company