Health Corner

Ոտքերի ոսկրակոշտուկներ

Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը:

 

Ցավ չպատճառող նման կոշտուկներ կարող են առաջանալ նաև այլ ոսկրերում:

 

Կրունկի ոսկրախթաններն առաջանում են կրունկոսկրի բարձունքի միջային ելուստի (ներբանային խթան) կամ հետին բարձունքի շրջանում (հետին խթան): Հիմնական պատճառներից է վնասվածք առաջացնող գործոնի մշտական առկայությունը, այսպես, օրինակ`   հարթաթաթության դեպքում ներբանային փակեղի լարվածությունը բարձր է լինում և յուրաքանչյուր քայլի ժամանակ փակեղի`   կրունկոսկրին կպչող հատվածը գերձգվում է: Դրա հետևանքով բորբոքային պրոցես է սկսվում, և ոսկորն աստիճանաբար գերաճում է: Բացի այդ, ոսկրախթանի առաջացմանը նպաստում են նաև ոտքերի մեծ ծանրաբեռնվածությունը (կապված մասնագիտության, ծանր ֆիզիկական աշխատանքի հետ), մարմնի մեծ քաշը, անհարմար կոշիկները: Սրանք կարող են դառնալ նաև կրունկի հետին ոսկրախթանի առաջացման պատճառ: Այս դեպքում գերլարվածություն է ստեղծվում աքիլեսյան ջլի համար, որը հաճախ հանդիպում է մարզիկների մոտ:

 

Ոսկրախթաններ են առաջանում նաև կրունկի շրջանի սալջարդերի և կրունկոսկրի նշված բարձունքների եզրային կոտրվածքների հետևանքով: Կրունկի ներբանային ոսկրախթանի դեպքում մարդիկ գանգատվում են սուր, այրող ցավերից, կրունկի վրա հենվելիս ծակոցի զգացումից: Հաճախ ցավերը տարածվում են ամբողջ կրունկի և սրունք-թաթային հոդի շրջանում: Դրանց ուժգնությունը պայմանավորված է ոչ թե ոսկրախթանի մեծությամբ, այլ նրա փափուկ հյուսվածքների ձուսպային (սինովիալ) գրպանիկների և վերնոսկրի բորբոքման աստիճանով ու գրգռված վիճակով:

 

Քայլելիս մարդն աշխատում է հենվել թաթի առաջային մասի վրա, որի հետևանքով բնական քայլվածքը փոխվում է: Դրանից սրունքի և թաթի մկանները խիստ հոգնում են, ցավերը`   սաստկանում: Կրունկի ներբանային ոսկրախթանի ժամանակ արտաքին կլինիկական փոփոխություններ չեն նկատվում, հետինին բնորոշ են այդ շրջանի այտուցվածությունը և կարմրությունը:

 

Ախտորոշումը կատարվում է հիվանդի գանգատների և ռենտգենյան քննության հիման վրա: Տարվում է հիմնականում պահպանողական ու հակաբորբոքային բուժում: Կրունկի վրա հենման ուժը փոքրացնելու նպատակով օգտագործվում է օրթոպեդիկ անհատական միջատակ (стелька)`   ռետինի կամ սպունգի փափուկ միջադիրով: Կրունկի հետին ոսկրախթանի դեպքում նման հարմարանք դրվում է կոշիկի հետին մասին: Նշանակվում են ծովային աղով տաք լոգանքներ, բուժական ֆիզկուլտուրա, սրունքի և թաթի մկանների մերսում, օզոքերիտի կամ պարաֆինի ապլիկացիաներ ու ֆիզիկական բուժման մեթոդներ (նովոկաինով էլեկտրոֆորեզ, հիդրոկորտիզոնով ֆոնոֆորեզ): Խիստ արտահայտված բորբոքային երևույթների ժամանակ խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ, գիպսով 10-14 օր ոտնաթաթի անշարժացում: Դրական արդյունք չստացվելիս նշանակվում են սպիրտ-նովոկաինային բլոկադաներ, մագնիսային, ռենտգենյան ճառագայթներով բուժում: Կուրսը կրկնվում է մի քանի անգամ`   2-3-ամսյա ընդմիջումներով: Ծայրահեղ դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն: Նշված միջոցները ժամանակին ձեռնարկվելու դեպքում զգալի արդյունք են տալիս, և վիրահատության կարիք չի զգացվում:

 

Կանխարգելման նպատակով մշտապես պետք է օրթոպեդիկ միջատակ օգտագործել: Անհրաժեշտ է, որ հողաթափերն ունենան տղամարդկանց համար`   մեկ, կանանց համար`   երկու սմ ռետինե կրունկներ, որի նպատակը կրունկոսկրի վրա ազդող ուժը նվազեցնելն է: Կանխարգելիչ միջոցները պետք է ձեռնարկել 1-2 տարեկան հասակից սկսած, այլապես կառաջանան մի շարք հիվանդություններ, հենաշարժական ապարատի, ստորին վերջույթների ֆունկցիայի խանգարումներ: 

 

 

 


Հեղինակ. Ա.Խ.
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company