Encyclopedia

Քաղաքական կուսակցություն

Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները:

Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ: Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է: Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն: Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի: Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝

  • Դաշտավայրային,
  • Լեռնային և այլն:
Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից: Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ: Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ (ֆրանսերեն՝ խումբ): Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները: Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները: Իրականում այս 3 դասական փուլերն անցել են անգլիական 2 հայտնի կուսակցությունները՝
  • լիբերալները (նիգեր),
  • պահպանողականները (տորիներ):
Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին: Դա Լիբերալ կուսակցությունն էր: 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը: Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885թ.՝ Արմենական կուսակցություն, 1887թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն: Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից: Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.