Health Corner

Բրուցելոզ

Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն:

 

Մարդու մոտ բրուցելոզի հարուցիչը հաճախ երեք տեսակի միկրոօրգանիզմներն են`   կովերի Brucella abortus, ոչխարների և այծերի B.melitensis և խոզերի  B. suis: B.abortus-ը, սովորաբար թեթև ձևով է ընթանում: Մարդու վարակումը բրուցելոզով տեղի է ունենում հիվանդ կենդանիների մսի կամ կաթնամթերքի միջոցով, նաև նրանց հետ անմիջական շփման հետևանքով:

 

Բրուցելոզի ախտանիշները

 

Սովորաբար, ինկուբացիոն շրջանն ընթանում է 5 օրից մինչև երեք շաբաթ, սակայն երբեմն ձգվում է մինչև ինն ամիս: Առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են  տենդն ու դողը, գիշերային բարձր քրտնարտադրությունը, տարբեր տեսակի ցավերն ու ընդհանուր թուլությունը: Հիվանդների գրեթե կեսի մոտ ավշային հանգույցներն ու փայծաղը մեծացած են: Մալթայան տենդի դեպքում, որով տեղացիները վարակվում են այծերից, օրվա ընթացքում նկատվում է մարմնի ջերմաստիճանի տիպիկ ալիքաձև փոփոխություններ`   երեկոյան 40oC-ից մինչև նորմալ ջերմաստիճանն առավոտյան:

 

Բրուցելոզը կարող է լուրջ բարդություններ հրահրել: Նյարդային համակարգի ախտահարումը երբեմն ուղեկցվում է էնցեֆալիտի կամ մենինգիտի ախտանիշների զարգացման:  Հաճախ  զարգանում է նաև արթրիտ, նյարդաբորբ և էնդոկարդիտ: Սուր ժամանակաշրջանից հետո, հիվանդությունը երբեմն ձգձգվող, քրոնիկական բնույթ է ձեռք բերում և այդպիսի հիվանդների մոտ կարող են զարգանալ հոգենյարդաբանական ախտանիշներ:

 

Շճաբանական հատուկ թեստերը թույլ են տալիս ժամանակին և հուսալի կերպով հաստատել բրուցելոզի ախտորոշումը:

 

Բրուցելոզի կանխարգելումն ու բուժումը

 

Ներկայումս բրուցելոզի սուր և քրոնիկական ձևերի բուժման համար օգտագործում են տետրացիկլինիային շարքի հակաբիոտիկներ: Բրուցելոզի դեմ պայքարի համար իմունիզացիան անարդյունավետ է: Մարդկանց շրջանում ինֆեկցիայի կանխման առավել ազդող  միջոցներից է գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզի վերացումը:

 

Խոշոր եղջերավոր անասունները պատվաստվում են, իսկ այծերի և խոզերի պատվաստումն այնքան էլ արդյունավետ չէ: Այնպես որ, ինֆեկցված կենդանիներին սովորաբար ոչնչացնում են:

 

 


Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company