Encyclopedia

Բագրատունյաց թագավորության հզորացումը Գագիկ Ա-ի օրոք

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020):

Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները: Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին: Առանց շահնշահի հավանության նրանք չէին կարող գահակալել և հարաբերությունների մեջ մտնել հարևան պետությունների հետ: Հայոց կաթողիկոսի ընտրությունը, ինչպես Հայոց Արշակունիների օրոք, կատարվում էր Բագրատունյաց թագավորների հավանությամբ:

Այսպես, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Դավիթ Անհողինը 1001թ. ապստամբեց Գագիկ Ա-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը, Գագիկը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը: Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ Անհողին մականունը: Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ իր տիրույթների մեծ մասը:
 
Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը: Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները: Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին: Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը: Վասպուրականի թագավորությունից գրավվեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները:
 
998թ. արաբ ամիրա Մամլանը հարձակվեց Հայաստանի և Վրաստանի վրա: Նրա դեմ դուրս եկավ հայ-վրացական միացյալ բանակը և ճակատամարտում ծանր պարտության մատնեց արաբներին: Դրանով վերջ տրվեց արաբ ամիրայությունների հետագա ոտնձգություններին:
 
Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ: Այդ տարիներին ավելի մեծ ծավալով շարունակվեցին շինարարական աշխատանքները, երկիրը բռնեց հետագա բարգավաճման ճանապարհը: Ծաղկում էր Անին: Այնտեղ կառուցվում էին նորանոր՝ մեկը մյուսից գեղեցիկ շինություններ: Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով: Զվարթնոցի նշանավոր տաճարը քանդվել, կործանվել էր: Թագավորը դրա նմանությամբ մի տաճար կառուցել տվեց Անիում: Նրա օրոք Անին շարունակեց կառուցապատվել աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ գեղեցիկ շինություններով:
 
Գագիկ Ա-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը: Այդ տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար վարում էին սպարապետի պաշտոնը: Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին: Պահլավունիները ևս շինարարական լայնածավալ աշխատանքներ էին սկսել: Նրանք են կառուցել Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին, Ամբերդը, Մարմաշենը և այլն: Շինարարական աշխատանքներ ծավալվեցին նաև Վասպուրականում, Սյունիքում, Արցախում և Հայաստանի այլ մասերում:
 
Գագիկ Ա-ի մահից հետո Անիի թագավորությունը քաղաքականապես թուլացավ և տրոհվեց, սակայն երկրի տնտեսության խաղաղ բարգավաճումը շարունակվեց:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.