Encyclopedia

Անին` մայրաքաղաք

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք: Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում:

 

Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից: Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք: Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն: Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961թ. հռչակեցին մայրաքաղաք: Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց:
 
Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը: Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ: Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը: Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը:
 
Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ. կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը: Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989թ., անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը:
 
«Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մեթր բարձրությամբ և մեկ մեթր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմեն սրբատաշ»:
Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում: Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ: Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր: Այն միջնադարյան Հայաստանի ամենամեծ ու հռչակավոր քաղաքն էր: Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.