Encyclopedia

Ճարտարապետությունը վաղ միջնադարյան Հայաստանում

Վաղ միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել շինարարական արվեստը: Կառուցվել են ամրակուռ ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կարավանատներ, հյուրանոցներ, կամուրջներ, բնակելի տներ և այլն:

Որպես շինանյութ հիմնականում օգտագործվել է բազմագույն տուֆ քարը, որով մեծապես հարուստ է մեր հայրենիքը: Աշխարհիկ շինությունները, որպես կանոն, զոհ են գնացել օտարների արշավանքներին, և վաղ միջնադարի մեծաքանակ շինություններից մեզ են հասել մեծ մասամբ եկեղեցիները, որոնք հատուկ խնամքով էին կառուցվում: Բացի այդ, օտարները, վախենալով «հայերի աստծու» վրեժխնդրությունից, դրանք սովորաբար չէին ավերում:

Հայ ճարտարապետության գլուխգործոցներից է Հռիփսիմեի տաճարը Վաղարշապատում (Էջմիածնում), որը 618թ. կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը: Տաճարը լավ պահպանվել է մինչև մեր օրերը և դիտողին զարմացնում է իր գեղեցկությամբ ու ներդաշնակությամբ, իսկ մասնագետներին՝ ճարտարապետական լուծումներով:
 
VII դ. կեսերին կառուցվում է Զվարթնոցի հրաշագեղ տաճարը Երևանից Էջմիածին տանող մայրուղուց ոչ շատ հեռու: Կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի կողմից, ունեցել է 50 մ բարձրություն և կանգուն է մնացել շուրջ երեք դար: Կործանվել է երկրաշարժից, չնայած կարծիք կա, որ այն կործանել են արաբները: Անգամ ավերակ վիճակում այն շատ տպավորիչ է:
 
Աշխարհիկ կառույցներից պահպանվել են իշխանական դղյակների, ամրոցների, նրանց պարիսպների մնացորդները: Այդ շրջանում հայոց ճարտարապետությանը հատուկ էր պարզությունը և վեհությունը:
 
Աղբյուր`  Lib.armedu.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.