Encyclopedia

850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը

Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849թ. երկիր ուղարկվեց Աբուսեթ ոստիկանը: Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը:

Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ: Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր: Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի մահմեդական բնակչության բողոքագրերը: Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը: Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին: Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել: 850թ. նրանց հերթական արշավանքը գլխավորեց ճանապարհին մահացած Աբուսեթի որդի Յուսուփը: Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը: Սակայն Յուսուփը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ: Յուսուփն ավերածություններ գործեց Տարոնում, նրա բնակչությանը գերության քշեց կամ դաժան կտտանքների ենթարկեց: Այդ վայրագությունները, սակայն, անպատասխան չմնացին: Իրենց քաջությամբ հռչակված Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների և Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին: Յուսուփը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից: Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը: Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում:

Արաբական խալիֆայությունն ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակով 851թ. գարնանն ուղարկեց իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային: Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին:
 
Բուղան սկզբում ներխուժեց Տարոն: Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավար խշխաններին, սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց: Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ: Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել: 853թ. գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը: Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց: Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ: 855թ. Բուղան հետ կանչվեց: Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը:
850-855թթ. ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենահուժկու ու ամենամեծ ելույթն էր: Ապստամբությունը խորապես ցնցեց Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը և ուղի հարթեց հայկական պետականության վերականգնման համար:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.