Encyclopedia

Արաբական արշավանքները Հայաստան

Արաբական ցեղերը հնագույն ժամանակներից բնակվում էին Արաբական ընդարձակ թերակղզում: Նրանց հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր, մասամբ էլ՝ երկրագործությունը: VII դ. սկզբներին արաբները միավորվեցին իրենց առաջնորդ Մուհամեդի գլխավորությամբ:

Նա նոր կրոնի՝ մահմեդականության (իսլամի) և պետության՝ Արաբական խալիֆայության հիմնադիրը դարձավ: Մահմեդականների հոգևոր կենտրոնը միջազգային առևտրական ուղիների խաչմերուկում գտնվող Մեքքա քաղաքն էր: Մահմեդական կրոնը մեծ նշանակություն էր տալիս անհավատների, այսինքն՝ ոչ մահմեդականների դեմ հանուն հավատի պատերազմելու գաղափարին: Գրեթե երկու տասնամյակի ընթացքում արաբները նվաճեցին Բյուզանդիայի աֆրիկյան ու ասիական տիրույթների գերակշիռ մասը և կործանեցին Սասանյան պետությունը:

VII դ. արաբները մի քանի արշավանք կազմակերպեցին դեպի Հայաստան, որոնք ավարառուական ու հետախուզական բնույթ էին կրում: 640թ. արաբները Բաղեշի լեռնանցքով առաջին անգամ ներխուժեցին Հայաստան: Տարոնում թեև նրանց համառ դիմադրություն ցույց տրվեց, սակայն գերակշիռ ուժերի շնորհիվ արաբները հաջողության հասան: Այնուհետև շարժվելով հյուսիս՝ նրանք մտան Այրարատյան դաշտ: Այստեղ բնակչությունը զբաղված էր այգեկութի աշխատանքներով: Մայրաքաղաք Դվինի բնակիչները, հանկարծակիի գալով թշնամու անսպասելի հարձակումից, ապավինեցին քաղաքի պարիսպներին: Դվինը գործնականում մնացել էր անպաշտպան, քանի որ Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին, կարծելով, թե թշնամին երկիր կներխուժի Ատրպատականի կողմից, իր հիմնական ուժերով գտնվում էր Նախճավանի մատույցներում:
 
Թշնամին Դվինի շուրջը կրակ վառեց, նրա պարիսպները պաշտպանող պահապաններին ծխով ու նետահարությամբ հետ վանեց և հոկտեմբերի 6-ին գրավեց քաղաքը: Դվինի բնակչության մի մասին արաբները կոտորեցին, իսկ մյուսներին գերեվարեցին և հարուստ ավարով վերադարձան Միջագետք: Ըստ պատմիչի՝ Դվինում սպանվածների թիվը 12 հազար էր, իսկ գերեվարվածներինը՝ 35 հազար:
 
642-643թթ. արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան: Այս անգամ նրանք մուտք գործեցին Ատրպատականից, ասպատակեցին Գողթնն ու Նախճավանը և շարունակեցին բնակչության սրածումն ու գերեվարումը: Բյուզանդական զորքերի հրամանատարը հրաժարվեց թշնամու դեմ համատեղ կռվելու Թեոդորոս Ռշտունու առաջարկից: Նա գործեց միայնակ և պարտվեց՝ մեղքը բարդելով հայոց սպարապետի վրա: Բյուզանդացիների մեղքով արաբներն այս անգամ էլ առանց կորուստների վերադարձան Միջագետք:
 
Արաբները երրորդ անգամ Հայաստան մտան 650թ.: Բյուզանդական ուժերը հեռացել էին երկրից՝ հայերին թողնելով ահեղ հակառակորդի դեմ մեն-մենակ: Թեոդորոս Ռշտունին հարկադրված էր միայն սեփական ուժերով կռվել թշնամու դեմ: Արաբները մեծաթիվ հայ գերիների բերել էին Կոգովիտի Արծափ բերդի մոտ և ցանկանում էին նրանց կոտորել: Թեոդորոս Ռշտունին խիզախ ու հանդուգն հարձակումով ոչնչացրեց երեք հազար արաբների, որոնց մեջ էին նրանց երկու զորավարները:
 
Չնայած հաղթանակին, արաբական վտանգը խիստ մեծ էր, և նախարարները փորձում էին ստեղծված վիճակից դուրս գալու ելք գտնել: Նրանք բաժանվել էին երկու խմբավորման: Դրանցից առաջինը, կաթողիկոս Ներսես Տայեցու գլխավորությամբ, շարունակում էր անօգուտ հույսեր կապել Բյուզանդիայի հետ: Հայ իշխանների մյուս խմբավորման գլուխ էր անցել Թեոդորոս Ռշտունին: Նա ոչ միայն ականավոր զորավար էր, այլև փորձված պետական ու զինվորական գործիչ: Թեոդորոս Ռշտունին քաջ գիտակցում էր արաբների ռազմական առավելությունը բյուզանդացիների նկատմամբ և գտնում, որ նրանց հետ պետք է համաձայնության գալ: Թեոդորոս Ռշտունու այդ քայլը համարձակ, հավասարակշռված ու ճիշտ որոշում էր:
 
652թ. նա մեկնեց Ասորիք և տեղի արաբ կառավարիչ, իսկ հետագայում խալիֆ դարձած Մուավիայի հետ կնքեց պայմանագիր: Այդ պայմանագրով Հայաստանը երեք տարի արաբներին հարկ չէր վճարելու, որից հետո հարկի չափը որոշելու էին հայերը: Հայաստանն ունենալու էր 15-հազարանոց այրուձի, որի ծախսերը հոգալու էին արաբները: Փոխարենը հայոց հեծելազորը պետք է մասնակցեր արաբների մղած կռիվներին: Հայաստանում արաբ պաշտոնյաներ և արաբական զորակայաններ չէին լինելու: Արաբներն օգնելու էին հայերին, եթե նրանց վրա հարձակվեին բյուզանդացիները:
 
Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դ. վերջ պահպանեց իր փաստական անկախությունը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.