Encyclopedia

571-572թթ. ապստամբությունը Դվինում

Ապստամբության անմիջական առիթը Դվինում ատրուշան հիմնելն էր: Ապստամբության գլուխ անցավ սպանված Մանվել Մամիկոնյանի եղբայր Վարդան Մամիկոնյանը (Վարդան Կրտսերը):

Շարժմանը միացավ Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ-ն: Նրանց հաջողվեց հավաքել 10-հազարանոց բանակ, ձեռք բերել դաշնակիցներ: Այս անգամ ևս հայերին միացան պարսից քաղաքականությունից դժգոհ վրացիներն ու աղվանները: Հուսադրող էր նաև Պարսկաստանի դարավոր հակառակորդ Բյուզանդիայի դիրքորոշումը: Երկու աշխարհակալ տերությունների միջև, հակասությունները խիստ սրվել էին, և Բյուզանդիան ցանկանում էր օգտագործել հարմար պահը՝ պատերազմելու Պարսկաստանի դեմ:

Պարսիկների դեմ խոշոր գործողություններ վարելու համար բավականաչափ ուժեր չունենալով՝ Բյուզանդիան ձգտում էր օգտագործել հայերի, աղվանների և վրացիների զինական ուժը: Ուստի հայերի պատվիրակությունն այս անգամ Կոստանդնուպոլսում ջերմ ընդունելություն գտավ:
 
Բյուզանդացիների հետ կնքած պայմանագրով հայերը խոստացան ընդունել Բյուզանդիայի գերիշխանությունը: Իրենց հերթին բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին բյուզանդացիները հայտարարեցին պարսիկներին՝ սպառնալով օգնել ապստամբ հայերին: Բյուզանդացիների խոստումները Հայաստանում առաջ բերեցին համընդհանուր ոգևորություն:
 
Դեպքերի զարգացումից խիստ անհանգստացած Սուրեն մարզպանը 571թ. հապճեպ մեկնեց Տիզբոն՝ պարսից արքային զեկուցելու ստեղծված կացության մասին: Խոսրով թագավորը 15-հազարանոց զորաբանակ տրամադրեց մարզպանին և հրամայեց անողոք դատաստան տեսնել ապստամբների հետ: Բայց պարսկական իշխանությունների ուժերից վեր էր կանխել ապստամբության հետագա ծավալումը: Հայ մարտիկների թիվն արդեն հասել էր 20 հազարի, և ապստամբները վերածվել էին նշանակալի ուժի: Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ նրանք 572թ. հարձակման անցան և Դվինում ջախջախեցին մարզպանի բանակը: Սպանված մարզպանի գլուխն ուղարկվեց բյուզանդական զորքերի հրամանատարին:
 
Հայերի զինված ելույթից հետո ակտիվացավ Բյուզանդիան: Կայսրությունը պատերազմ սկսեց պարսիկների դեմ և զորքեր ուղարկեց Հայաստան: Պարսիկների դեմ ապստամբած դրացի ժողովուրդների և բյուզանդացիների օգնությամբ հայերը պարտության մատնեցին պարսից նոր զորավար Միհրանին: Շուտով պարսկական տիրապետության դեմ ուղղված ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.