Encyclopedia

Հակաբյուզանդական ելույթներն Արևմտյան Հայաստանում

Բյուզանդական քաղաքականությունը դժգոհություն և զայրույթ էր առաջացնում Արևմտյան Հայաստանում:

Հուստինիանոսի օրոք հայերը բազմիցս զենքի դիմեցին բյուզանդական ատելի վարչակարգի դեմ: Ամենախոշոր ելույթը տեղի ունեցավ 539թ. Առաջին Հայքում: Հայերի զանգվածային ընդվզումը գլխավորեց Հովհաննես Արշակունին: Հայերը, չհանդուրժելով հարկերի անօրինակ ծանրացումը, սպանեցին բյուզանդական կառավարչին: Նա ազգուրաց հայ ազնվական էր և դավերով էր տիրացել իր պաշտոնին:

Մայրաքաղաքից շուտով Սիտտաս զորավարի գլխավորությամբ պատժիչ զորքեր ուղարկվեցին: Նա սկզբում կեղծ խոստումներ տվեց ապստամբներին, ապա փորձեց կաշառել և իր կողմը գրավել ղեկավարներին: Երկու դեպքում էլ նա հաջողության չհասավ և ապստամբությունը ճնշելու հրաման արձակեց: Բայց ապստամբ հայերը ջախջախեցին ու հալածեցին նրա զորամասերը: Սպանվեց նաև Սիտտասը: Բյուզանդացիները նոր զորաբանակ ուղարկեցին և դարձյալ փորձեցին նենգ միջոցներով ճնշել ապստամբությունը: Բյուզանդական զորավարը բանակցությունների հրավրրեց ապստամբության ղեկավարներին և խնջույքի ժամանակ սպանել տվեց ապստամբների ղեկավար Հովհաննես Արշակունուն: Կորցնելով ղեկավարին՝ ապստամբությունը շուտով մարեց:
 
Հայերը ձգտում էին վրեժխնդիր լինել Հուստինիանոսից: 548թ. նրան սպանելու նպատակով Արշակ Արշակունին և սպանված Հովհաննես Արշակունու որդի Արտավանը դավադրություն կազմակերպեցին: Դավադրությունը սակայն ձախողվեց, և կազմակերպիչները բանտարկվեցին: Այդուհանդերձ, կայսրը ստիպված էր հաշվի առնել ազդեցիկ հայ ազնվականության տրամադրությունները, և որոշ ժամանակ անց դավադիրներն ազատ արձակվեցին:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.