Encyclopedia

Հուստինիանոս Ա կայսեր վերափոխումները

Դրությունն առանձնապես ծանրացավ, երբ Բյուզանդիայում գահ բարձրացավ Հուստինիանոս Ա կայսրը (527-565թթ.):

Նա նպատակ ուներ վերականգնելու Հռոմեական կայսրության երբեմնի տարածքը և հզորությունը: Հուստինիանոսի մղած պատերազմներին հարկադրաբար մասնակցում էին նաև հազարավոր հայեր: Պատերազմների հետևանքով Արևմտյան Հայաստանը զրկվում էր իր զինուժից և հետզհետե թուլանում:

Հուստինիանոսի կառավարման շրջանում Բյուզանդիան վճռական փորձ կատարեց վերացնելու հայկական երկրամասերի տեղական ազգային առանձնահատկությունները: Այդ նպատակով միատեսակ կառավարում մտցվեց բոլոր հայկական երկրամասերում: Կայսրը նաև նպատակ էր դրել լիովին վերացնելու սատրապական Հայաստանի և Ներքին Հայքի հայ նախարարների արտոնյալ վիճակը: Իր կառավարման առաջին տարիներին նա հայ իշխաններին զրկեց զորք ունենալու իրավունքից՝ ստեղծելով Արևելքի ռազմական կուսակալությունը: Դրանով չբավարարվելով՝ կայսրը նոր վարչական բաժանումներ կատարեց՝ ամենուր մտցնելով բյուզանդական օրենքներ: Բյուզանդական Հայաստանի տարածքը բաժանվեց չորս մասի, որոնք ստացան Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք անվանումները: Չնայած հայկական անվանումներին, դրանք սովորական բյուզանդական պրովինցիաներ էին և կառավարվում էին բյուզանդական պաշտոնյաների կողմից:
 
Այսպիսով, հայ նախարարները զրկվեցին վարչական ու ռազմական իշխանությունից, սակայն շարունակում էին տիրել իրենց տոհմային կալվածքներին: Կայսրը երկու կարևոր օրենք հրապարակեց, որոնց նպատակը հայ նախարարների տնտեսական հզորության թուլացումն էր: Հայ իշխանների տիրույթները մինչ այդ չէին մասնատվում բոլոր որդիների, առավել ևս դուստրերի միջև, որով պահպանվում էր տոհմային կալվածքի ամբողջականությունը: Կայսրը խախտեց հին հայկական ավանդույթը և, առանձին օրենքով, տոհմային կալվածքներից բաժին ստանալու իրավունք տվեց անգամ կանանց: «Վայել չէ ոչ հռոմեացիներին, ոչ էլ մեր պետության արդարության ոգուն, որ ծնողներին ժառանգելու իրավունք ունեն միայն տղամարդիկ, բայց ոչ երբեք կանայք»,- կեղծավորաբար հայտարարում էր Հուստինիանոսը: Մեկ այլ օրենքով կայսրը պարտադրեց, որ աղջիկներին ամուսնացնելիս ծնողները պարտադիր նրանց օժիտ հատկացնեն: Այդ օրենքն առաջին հայացքից անիմաստ էր, քանի որ հայկական միջավայրում օժիտ տալու սովորույթը մինչ այդ էլ տարածված էր: Սակայն Հուստինիանոսի «հոգատարությունը» հայ օրիորդների նկատմամբ հեռահար նպատակ ուներ: Նա ցանկանում էր, որ բյուզանդացի ազնվականների հետ ամուսնանալիս նրանք, որպես օժիտ, ստանան հայրական կալվածքների որոշակի բաժինը: Այդպիսով, հայ նախարարների տիրույթները ժամանակի ընթացքում կփոշիանային, և բյուզանդացիներին ցույց տրվող դիմադրությունը կթուլանար:
 
Հուստինիանոսի վերափոխումները պայմաններ էին ստեղծում Արևմտյան Հայաստանի ներքին ինքնուրույնության վերջնական վերացման համար:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.