Encyclopedia

Արևմտյան Հայաստանը 387թ. հետո

Արևմտյան կամ Բյուզանդական Հայաստանը բաղկացած էր երեք հիմնական մասերից:

Առաջինը Փոքր Հայքն էր, որն արդեն շուրջ կես հազարամյակ գտնվում էր Հռոմեական կայսրության կազմում: Այստեղ հայ բնակչությունը գտնվում էր հունա-հռոմեական լեզվական և մշակութային ազդեցության ներքո: Փոքր Հայքի տարածքում IV դ. վերջերին ստեղծված Առաջին և Երկրորդ Հայք պրովինցիաները վարչականորեն ոչնչով չէին տարբերվում բյուզանդական մյուս երկրամասերից: Առաջին Հայքի կենտրոնն էր Սեբաստիա քաղաքը, իսկ Երկրորդ Հայքինը՝ Մելիտինեն:

Հաջորդ մասը, որ բյուզանդացիների կողմից ստացել էր Ներքին Հայք անվանումը, ընդգրկում էր Մեծ Հայքի հյուսիսարևմտյան գավառները: Այստեղ, չնայած կայսրության բռնաճնշումներիև, հայերը բավականին լավ էին պահպանել իրենց ազգային դիմապատկերը: Ներքին Հայքի կառավարումը բյուզանդացիներն սկսեցին փոխել 387թ. շատ չանցած և կարողացան նշանակալից չափով սահմանափակել հայ նախարարների ռազմական ու վարչական իշխանությունը: Երկրամասը կառավարում էր բյուզանդական պաշտոնյան, բայց հայ նախարարները պահպանել էին իրենց ժառանգական իրավունքների նշանակալից մասը և տնտեսական հզորությունը:
 
Բյուզանդական արքունիքին մեծ անհանգստություն էին պատճառում Հայաստանի հարավարևմտյան գավառների տիրակալները՝ սատրապները: Սատրապական Հայաստանի թվով հինգ հայ իշխաններն իրենց տիրույթներում հիշեցնում էին արքայիկների: Սկզբում նրանց իշխանությունը ժառանգական էր, հորից անցնում էր որդուն, բայց V դ. վերջում, երբ սատրապների մեծ մասը միացավ կայսեր դեմ բռնկված ապստամբությանը՝ իրավիճակը փոխվեց: Այնուհետև նրանց նշանակում էր կայսրը, և նրանք կարող էին իշխել մինչև իրենց մահը: Չնայած սատրապները զրկվեցին իրենց իշխանությունը ժառանգություն թողնելու իրավունքից, նրանք դեռևս ազդեցիկ ու հզոր էին: Սատրապական Հայաստանում բյուզանդական կայազորներ չկային, և թշնամու հարձակման ժամանակ սատրապները սեփական զորաջոկատներով պետք է կայսրության սահմանները պաշտպանեին իրենց տիրույթներում: Այսպիսով, նրանք պահպանել էին իրենց ռազմական իշխանությունը:
 
Կայսրությունն իր առջև խնդիր էր դրել բյուզանդական Հայաստանի բոլոր մասերում միատեսակ կարգեր մտցնել, հեռահար նպատակ ունենալով բյուզանդականի նմանությամբ լիովին փոխել հայերի նիստուկացը, նրանց զրկել ազգային ինքնատիպությունից: Կայսերական իրար հաջորդող հրովարտակներով հայ նախարարների իրավունքներն աստիճանաբար նվազեցվում էին, իսկ բյուզանդական պաշտոնյաների իրավասությունները՝ ընդլայնվում: Արևմտյան Հայաստանին տիրանալուց հետո Բյուզանդիան մեծապես ծանրացրեց հարկերը: Արևմտյան Հայաստանի բնակչությունը չափազանց դժգոհ էր ստեղծված իրավիճակից:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.