Encyclopedia

Իրադրությունը երկրում 387թ. բաժանումից հետո

Մեծ Հայքի թագավորությունը բաժանելուց հետո Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանն ամեն կերպ ձգտում էին սահմանափակել հայ իշխանների իրավունքները, երկրում տարածել իրենց պաշտոնական դավանանքը:

Ընդ որում, քրիստոնյա Բյուզանդիան ուծացման քաղաքականություն վարելիս ոչնչով հետ չէր մնում Սասանյան Պարսկաստանից: Այդ քաղաքականությունն ավելի հետևողական դարձավ 451թ. հետո, երբ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Քաղկեդոն քաղաքում տեղի ունեցավ քրիստոնեական եկեղեցու 4-րդ տիեզերական ժողովը: Դավանաբանական սուր վեճեր ծավալվեցին Հիսուս Քրիստոսի երկու կամ մեկ բնություն ունենալու հարցի շուրջ: Բյուզանդական հոգևորականությունն ի վերջո հարեց այն ուղղությանը, թե Հիսուս Քրիստոսն ունեցել է երկու բնություն, այսինքն նա միաժամանակ եղել է թե՛ աստված և թե' մարդ: Քաղկեդոնի ժողովի հետևորդներին հետագայում կոչեցին երկաբնակներ կամ քաղկեդոնականներ: Վարդանանց ապստամբության պատճառով հայ հոգևորականները չմասնակցեցին Քաղկեդոնի ժողովին: Հետագայում, երբ բյուզանդացիները փորձեցին հայերին պարտագրել Քաղկեդոնի ժողովի որոշումները, Հայոց եկեղեցին վճռականորեն մերժեց երկաբնակությունը: Դվինում 506թ. հրավիրվեց եկեղեցական ժողով, որին մասնակցում էին նաև վրացի ու աղվան եպիսկոպոսներ: Ժողովը հրաժարվեց ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումները: Այդ պատճառով էլ հայերին սկսեցին անվանել միաբնակներ կամ հակաքաղկեդոնականներ:

Կայսրությունում պաշտոնապես ընդունված դավանանքն արքունիքի ձեռքին նվաճողական քաղաքականության գործիք էր ծառայում: Դրան հակադրվելու համար Բյուզանդական կայսրության արևելյան մյուս քրիստոնեական եկեղեցիները ևս մերժեցին Քաղկեդոնի ժողովի որոշումները: Հայերից բացի միաբնակությանը հարեցին ասորիները, ղպտիները և հաբեշները: Բյուզանդական և արևելյան եկեղեցիները վերջնականապես բաժանվեցին միմյանցից: Հաջորդ դարերի ընթացքում ևս բյուզանդական եկեղեցին ամեն գնով ձգտում էր իրեն ենթարկել Հայոց եկեղեցին և հայերին պարտադրել քաղկեդոնականությունը, սակայն շոշափելի արդյունքի չհասավ: Միաբնակության տարածումը կայսրության դեմ ճնշված ժողովուրդների բողոքի դրսևորում էր:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.