Encyclopedia

Նվարսակի հաշտությունը

Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484թ. ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից:

Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը: Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների:

484թ. աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ: Բանակցելու համար Հեր գավառի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը: Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները: Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը: Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ: Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց: Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները: Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային: Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին: Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը:
 
485թ. Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ: Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը: Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին: Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց: Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին: Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց: Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց: Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.