Encyclopedia

Շարժման ծավալումը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ

Ապստամբների թիվն օրեցօր ավելանում էր, իսկ թշնամական զորագնդերն արդեն դուրս էին քշվել երկրից: Երկիրը փաստորեն անկախացել էր:

Հազարապետի, մաղխազի և մեծ դատավարության գործակալությունները վերստին գլխավորեցին Վահան Ամատունին, Խորեն Խորխոռունին և Հովսեփ Վայոցձորեցին: Հայ նախարարները պատրաստվում էին վերականգնել հայոց անկախ թագավորությունը: Այդ նպատակով նախարարական տարբեր խմբավորումներ առաջ են քաշում իրենց թեկնածուներին: Հայոց գահը զբաղեցնելու հավակնություններ ունեին առաջին հերթին ապստամբության հիմնական ղեկավարները՝ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին: Այդ մեծ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր պարսիկների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերել, շարժման մեջ ներգրավել հարևան բախտակից ժողովուրդներին: Դաշինք կնքելու և օգնություն ստանալու նպատակով հայերը դիմեցին Բյուզանդիային: Սակայն կայսրը ոչ միայն մերժեց հայերին, այլև վերստին հաստատեց պարսիկների հետ հին դաշինքը և նրանց խոստացավ չօգնել հայերին: Բյուզանդիան պարսից արքունիքին նաև տեղյակ պահեց հայերի ապստամբական ծրագրերին: Միաժամանակ Հայաստանի բյուգանդական մասի հայ իշխաններին արգելվեց օժանդակել իրենց պարսկահպատակ ազգակիցներին:

Բյուզանդիայի թշնամական դիրքորոշումը, սակայն, ապստամբներին չհուսահատեցրեց: Նրանք քաջ գիտակցում էին, որ պետք է հույսը դնել առաջին հերթին սեփական ուժերի վրա: Հայերն անգամ պատրաստ էին օգնելու պարսիկների դեմ ապստամբած իրենց բախտակից հարևաններին:
 
Պարսկական հալածանքներն ապստամբություն ծնեցին նաև հարևան Աղվանքում, որը գտնվում էր Կուր գետի, Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև: IV դ. 30-ական թթ. Աղվանքը քրիստոնեություն էր ընդունել, իսկ դարավերջին ընկել Պարսկաստանի տիրապետության տակ: Պարսիկների դեմ պայքարում հայտնվելով ծանր կացության մեջ՝ աղվաններն օգնության խնդրանքով դիմեցին հայերին: Հայաստան եկած աղվանից եպիսկոպոսն ու հազարապետը հաղորդեցին, որ պարսկական բանակն ու մոգերը ներխուժել են Աղվանք և բռնությամբ կրակապաշտություն են տարածում: Հայերը որոշեցին օգնության ձեռք մեկնել հարևան ժողովրդին:
 
Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի: Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին և ուղարկեցին Հեր ու Զարևանդ գավառներ՝ Ատրպատականի կողմից պաշտպանելու երկրի սահմանները: Երկրորդ զորաբանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ օգնության շտապեց աղվաններին: Երրորդ զորաբանակը Վասակ Սյունու ղեկավարությամբ մնաց երկրում: Մարզպանի խնդիրն էր անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ մյուս զորաբանակներին և պահպանել կարգն ու կանոնը երկրում:
 
Վարդան Մամիկոնյանը զորքով թշնամուն հանդիպեց Խաղխաղ քաղաքի մոտ (ներկայիս Ղազախ քաղաքի մերձակայքում): Հայկական փոքրաթիվ զորաբանակը որոշեց ճակատամարտ տալ և կանխել պարսիկների հնարավոր հարձակումն Աղվանքից: Հակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակն անցավ Կուրը և աղվանից զորքերի հետ Աղվանքը մաքրեց պարսկական զորամասերից: Վարդան Մամիկոնյանը շարունակեց առաջխաղացումը մինչև Ճորա (Հոնաց) պահակի ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ: Հոները պարտավորվեցին օգնել հայերին պարսիկների դեմ պայքարում:
 
Մինչ սպարապետն Աղվանքում էր, Հայաստանում վիճակը լարվեց: Վասակ Սյունին, տեսնելով, որ օգնություն չկա ոչ Բյուզանդիայից, ոչ էլ հոներից, իր կողմը գրավեց մի խումբ հայ նախարարների և պարսկական ավերիչ արշավանքից երկիրը զերծ պահելու նպատակով որոշեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ: Ստանալով պարսից արքունիքի համաձայնությունը՝ Վասակը հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին: Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը, քանի որ նրանք կարող էին մահապատժի ենթարկվել: Բացի այդ, նա սկսել էր երկյուղել, որ օգնության բացակայության դեպքում ապստամբությունը կպարտվի, և նա կկորցնի ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը: Այս ամենի հետևանքով Վասակը փաստորեն դրժեց համատեղ պայքարելու իր երդումը և հեռացավ ապստամբությունից:
 
Ստանալով այս անհանգստացնող լուրերը՝ Վարդան Մամիկոնյանը հապճեպ վերադարձավ Հայաստան, իսկ Վասակ Սյունին ապստամբների ճնշման ներքո քաշվեց Սյունիք: 450-451թթ. ձմեռն էր, սպառվել էին պարենի պաշարները: Ուստի սպարապետն արձակեց իր զորաբանակը՝ գարնան վերջին հավաքելու ծրագրով:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.