Encyclopedia

Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Դրա հետևանքով երկրում սկիզբ էին առել տարերային հուզումներ, որոնց գլուխ էր անցել հայ հոգևորականությունը:

Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:

Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները Ղևոնդ Երեցի գլխավորությամբ դագանակներով զինված հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ: Համաժողովրդական շարժումը թևակոխեց նոր փուլ՝ վերածվելով կազմակերպված ապստամբության:
 
Երկրի ճանաչված ղեկավարներից սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:
 
Ապստամբության ոգին համակել էր բոլորին: Ժողովրդի տարբեր խավերին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ համընդհանուր ատելությունը: Ապստամբներն ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ: Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.