Encyclopedia

Վռամշապուհի գահակալությունը: Հայոց թագավորության թուլացումն ու անկումը

Վռամշապուհի գահակալության երկար ժամանակաշրջանը եղավ արտաքին խաղաղության և ներքին հանգստության շրջան:

Նրա օրոք հայ մշակույթը մեծ վերելք ապրեց, սակայն քաղաքական ասպարեզում՝ հակառակ Խոսրովի, նա իր առջև երբեք մեծ խնդիրներ չդրեց: Վռամշապուհի օրոք հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրա օժանդակությամբ, ստեղծեց հայոց գրերը: Հասկանալով, որ Վռամշապուհը գտնվում է պարսկական գերիշխանության ներքո, Բյուգանդական կայսրությունը (այդպես էր կոչվում Արևելահռոմեական կայսրությունը 395թ. հետո) գրերի գյուտից շատ չանցած հետ վերցրեց Մեծ Հայքի թագավորության արևմտյան երկրամասերը: Չնայած Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով կրկին Հայոց գահ բարձրացավ պարսկական գերությունից ազատված Խոսրով Գ-ն, սակայն նա գահակալեց ընդամենը մի քանի ամիս: Կամենալով հայերին վարժեցնել օտար տիրապետությանը, պարսից արքան Հայոց թագավոր կարգեց իր որդի Շապուհին (415-419թթ.): Սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել հայ նախարարների համակրանքը, և Մովսես Խորենացու խոսքերով «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»: Շատ չանցած՝ Տիզբոն վերադառնալիս նա սպանվեց: 422թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև հաշտություն կնքվեց, որից հետո պարսից թագավորի համաձայնությամբ Արևելյան Հայաստանում գահ բարձրացավ Վռամշապուհի որդի Արտաշես (Արտաշիր) Արշակունին:

 
Արտաշեսն էլ իր վեցամյա թագավորության ընթացքում չկարողացավ կարգավորել հարաբերությունները նախարարների հետ, որոնք հակադրվում էին նրան: Սահակ Պարթևը հանդես էր գալիս թագավորի հետ ձեռք ձեռքի տված՝ փորձելով ամեն գնով փրկել թագավորական իշխանությունը: Նա ամեն ինչ արեց՝ թագավորին հաշտեցնելու անհնազանդ նախարարների հետ: Սակայն կաթողիկոսը հաջողության չհասավ, քանի որ պարսից արքունիքն իր կողմը գրավեց ոչ ժառանգատեր նախարարներին՝ նրանց հրապուրելով ժառանգատեր դարձնելու խոստումով: Պարսից արքունիքը փորձ արեց իր կողմը գրավել նաև Սահակ Պարթևին՝ խոստանալով նոր տիրույթներ ու առանձնաշնորհումներ: Սակայն հայրենասեր կաթողիկոսը գործարքի չգնաց: Այսուհանդերձ, 428թ. Արտաշեսը պարսից արքունիքի կողմից գահընկեց արվեց, իսկ Սահակ Պարթևը զրկվեց կաթողիկոսական իշխանությունից: Արևելահայկական թագավորությունն ընկավ: Երկիրն անդամահատվեց: Նրանից անջատվեցին և հարևան վարչական միավորներին կցվեցին մի շարք երկրամասեր: Երկրի հիմնական տարածքը վերածվեց մեծ ինքնավարություն ունեցող պարսկական մարզի, որը կառավարվելու էր պարսիկ մարզպանի կողմից:
 
Հայ ժողովուրդն ստիպված էր համառ ու երկարատև պայքար մղել իր պետական անկախության վերականգնման համար, հասկանալով, որ այդ նպատակին կարող է հասնել միայն ազգային միասնությամբ:
 
Աղբյուր`  Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.