Encyclopedia

Մեծ Հայքի վերամիավորումը

Արևմտյան երկրամասերի որոշ նախարարներ, որոնք դեռ Արշակ Գ-ի թագավորության շրջանում դժգոհ էին նրա իշխանությունից, փորձեցին համաձայնության գալ Խոսրով Գ-ի հետ:

Նրանք նույնիսկ Արշակ Գ-ի գանձերը փախցրին և հանձնեցին Խոսրով Գ-ին: Արշակ Գ-ի հետ թագավորության արևելյան երկրամասերից Մեծ Հայքի արևմտյան մաս էին տեղափոխվել մեծ թվով նախարարներ: Եվ երբ հռոմեացիները վերացրին իրենց ենթակայության տակ գտնվող հայկական թագավորությունը, հայ նախարարները նամակով դիմեցին Խոսրով Գ-ին՝ նրան խնդրելով ոխ չպահել և իրենց վերցնել իր ենթակայության ներքո: Խոսրովը, միանգամայն ճիշտ վարվելով, նրանց վերցրեց իր հովանու տակ: Նա նրանց վերադարձրեց իրենց կալվածքները, իսկ եթե ինչ-ինչ կալվածքներ ուրիշների էին հանձնվել, դրանք փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին: Խոսրովը միաժամանակ լուրջ քայլեր ձեռնարկեց տրոհված թագավորության երկու մասերը վերամիավորելու ուղղությամբ: Նա նամակով դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավորության՝ կայսրությանն անցած հողերը: Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց Խոսրով Գ-ի խնդրանքին: Վերջինս, կամենալով քաղաքական-իրավական տեսք տալ երկրի վերամիավորմանը, հաստատեց նոր «Գահնամակ»-ը, որում տեղ գտան թագավորության թե' արևելյան և թե' արևմտյան մասերի նախարարությունները:

Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը: Հայոց թագավորության վերամիավորումը նրա սրտով չէր, բայց ստիպված եղավ համակերպվել, որովհետև արտաքնապես հնարավոր չէր մեղադրել Հայոց թագավորին: Սակայն երբ Խոսրովն առանց պարսից թագավորի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Սահակ Պարթևին, նրանից բացատրություն պահանջեցին: Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից: Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին: Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան: Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան: Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին: Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը: Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում:
 
Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին: Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես: Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414թթ.):
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.