Encyclopedia

Հայոց թագավորության թուլացումը IV դարի 70-80-ական թվականներին

Սեփական պետության մեջ Պապ թագավորի սպանությունը սառը ցնցուղի տպավորություն թողեց Հայաստանում:

Նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել Պարսկաստանի հետ և թագավորի սպանության համար Հռոմից վրեժ լուծել: Սակայն հատկապես հռոմեամետ նախարարները, որոնց մեջ էին նաև Պապին դավադրածները, աշխատում էին մյուսներին համոզել, որ Հայոց թագավորությունը ոչ կարող է պարսիկների գերիշխանությունն ընդունել, ոչ էլ միաժամանակ երկու տերությունների հետ թշնամանալ: Իր հերթին, հռոմեական կայսրը Հայոց թագավորի սպանության մեջ «մեղադրեց» իր զորավարին և Հայաստան թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378թթ.): Նա մարմնով հզոր երիտասարդ էր և արժանացել էր օլիմպիական խաղերի ախոյանի (չեմպիոնի) պատվին:

Վարազդատի կարճատև թագավորության շրջանում սպարապետի պաշտոնը շարունակում էր զբաղեցնել Մուշեղ Մամիկոնյանը, որը Փավստոսի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները»: Սակայն նրա վարքագիծը շուտով առաջ բերեց թագավորի դժգոհությունը: Սպարապետը, առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ: Նա կայսրին առաջարկում էր Հայոց աշխարհի ամեն մի գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր զորանիստ կենտրոնների: Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին, սակայն երաշխիք չկար, որ այդ զորանիստներում հռոմեական զորամասեր չէին տեղակայվի: Բուզանդի խոսքերով, կայսրը դրան ուրախությամբ համաձայնեց, որ Հայոց աշխարհը հաստատորեն կապվի Հռոմի հետ:
 
Առաջին հայացքից դա կարծես թե արվելու էր հանուն Հայոց թագավորության ուժեղացման, սակայն բոլորովին դժվար չէր տեսնել, որ դրա հետևանքով այն, փաստորեն, կդադարեր անկախ երկիր լինելուց: Ինչպես և սպասելի էր, ծրագիրը բացահայտվեց, և սպարապետի հռոմեամետ գործունեությունն առաջ բերեց երկրի անկախության ջատագով նախարարների բուռն դիմադրությունը: Թագավորը սպարապետի վարքագծի մեջ որոշակի վտանգ տեսավ իր արքայական իրավունքների նկատմամբ: Նրա կարգադրությամբ Մուշեղն սպանվեց: Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն:
 
Հայ նախարարության պառակտումն անկախության ջատագով, հռոմեամետ ու պարսկամետ խմբերի բարդացրեց երկրի առանց այն էլ ծանր կացությունը: Դրանից օգտվեց պարսից արքունիքը, որը, կայսրության արտաքին դժվարություններն օգտագործելով, Հայոց թագավորություն ուղարկեց Մամիկոնյան տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ Մանվելին: Նա առանց թագավորի համաձայնության հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա երկրից քշեց Վարազդատին: Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց:
 
Մանվել Մամիկոնյանը, որ Հայոց աշխարհ էր եկել որպես պարսից արքունիքի վստահելի անձ, շուտով, երկրի գործերին պարսկական միջամտությունից զայրացած, վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված զորամասը: Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ Արշակ Գ-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը: Մանվելը վարում էր Հայոց թագավորությունն ուժեղացնելու և նրա անկախությունը պահպանելու քաղաքականություն: Այդ նպատակով նա բարելավեց հարաբերությունները Հռոմի հետ: Մանվելի խնամակալության տարիները եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան:
 
Մանվելի մահից հետո Արշակ Գ-ն իր չափն անցնող հռոմեամետության պատճառով առաջ բերեց թե' հայրենասեր և թե՛ պարսկամետ նախարարների դժգոհությունը: Վերջիններս դիմեցին պարսից Շապուհ Գ թագավորին՝ իրենց տալու ուրիշ թագավոր: Պարսիկները 384թ. Հայաստան ուղարկեցին Խոսրով Գ Արշակունուն, իսկ Արշակ Գ-ն ստիպված էր բավարարվել թագավորության արևմտյան մի փոքր հատվածով: Մեծ Հայքի թագավորությունը փաստորեն բաժանվեց երկու առանձին թագավորությունների:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.