Health Corner

Կեղծ կրուպ

Կոկորդի սուր բորբոքային պրոցես է, որը հաճախ ընդգրկում է շնչափողն ու բրոնխները, հանդիպում է, որպես կանոն, սուր շնչական վիրուսային հիվանդությունների ժամանակ։ Հատկապես հաճախ է լինում ալերգիկ դիաթեզով տառապող երեխաների մոտ։ Կեղծ կրուպը սովորաբար սկսվում է սուր, հանկարծակի և մեծ մասամբ գիշերը։

 

Որոշ երեխաների մոտ հիվանդության առաջացմանը նախորդում են լարինգիտի ախտանիշները՝ չոր «հաչոցով» հազը, հարբուխը, փռշտոցը։ Երեխան հանկարծակի հազի նոպայից արթնանում է, անմիջապես առաջանում է դժվարացած շնչառություն։ Երեխան վախեցած է, անհանգիստ, տեղ չի գտնում անկողնում, քիթ-շրթունքայրն եռանկյան շրջանում առաջանում է ցիանոզ։ Կարևոր է նշել, որ ի տարբերություն դիֆտերիային բնորոշ կրուպի, որի դեպքում շնչափողի նեղացման պահին, որպես կանոն, զարգանում է ձայնի կորուստ (աֆոնիա), կեղծ կրուպի դեպքում, չնայած ձայնը լինում է խռպոտ, սակայն ճչալու ժամանակ գրեթե միշտ լսվում են ձայնեղ հնչյուններ:

 

Պարագրիպային և ադենովիրուսային վարակների դեպքում կրուպի ընթացքը սովորաբար ավելի թեթև է, քան գրիպի ժամանակ։ Ընդ որում սուր զարգացող նեղացումը տաքացնող միջոցներից արագ պակասում է կամ մի քանի ժամ հետո լրիվ վերանում։ Որոշ դեպքերում կրուպի երևույթները կարող են կրկնվել հաջորդ գիշերը և բարեհաջող անցնել ինչպես և առաջին անգամ։ Գրիպի դեպքում կրուպը կարող է ավելի ծանր ընթանալ, կրել ալիքաձև բնույթ՝ օրվա ընթացքում մերթ ուժեղանալով, մերթ թուլանալով, տևել 7-10 օր։ Գրիպային կրուպի ծանրությունը և տևողությունը կախված են ոչ միայն կոկորդի, շնչափողի և բրոնխների արտահայտված նեկրոզային պրոցեսներից, այլև հաճախ միացող թոքաբորբերից:

 

Կրուպ կարող է զարգանալ նաև կարմրուկից։ Կարմրուկային կրուպը կարող է լինել վադաժամ, եթե ծագել է կարմրուկի նախանշանային շրջանում, և ուշացած, եթե հայտնվում է պիգմենտացիայի շրջանում։ Վաղաժամ կրուպը թեթև է ընթանում, սովորաբար չի ուղեկցվում ծանր ստենոզով և ցանի հայտնվելու պահին զգալի թուլանում է։ Ավելի ծանր է ընթանում կարմրուկային ուշացած կրուպը։ Այդ դեպքում կոկորդի և շնչափողի փոփոխությունները հաճախ նեկրոզային բնույթ են ունենում, և հիվանդության ընթացքը կարող է լինել բավականին ծանր։

 

Բուժումը։ Վերոհիշյալ պատճառներից առաջացած կրուպի դեպքում, առաջին հերթին, անհրաժեշտ է կազմակերպել ճիշտ խնամք և պահպանողական ռեժիմ, վերացնելով բոլոր այն պահերը, որոնք նպաստում են երեխայի չափից ավելի գրգռմանը։ Ցուցված են տաքացնող միջոցներ՝ ընդհանուր կամ ոտքերի տաք լոգանք (38°Ց, 7-10 րոպե), տաք հեղուկների ընդունում (թեյ, սոդայով կաթ), մանանեխային սպեղանի կրծքավանդակին, սոդայի, էֆեդրինի լուծույթով գոլորշու ինհալացիա։ Պարտադիր են հակահիստամինային և հանգստացնոդ դեղամիջոցները։ Եթե տաքացնող և փարատիչ միջոցները արտահայտված արդյունք չեն տալիս և նեղացման երևույթները սաստկանում են, անհրաժեշտ է պարբերաբար խոնավացված տաք թթվածին տալ։ Երկրորդ աստիճանի նեղացում զարգանալիս խորհուրդ է տրվում ներքին ընդունման համար օգտագործել պրեդնիզոլոն։ Պիպոլֆենը և սեդուքսենը ներարկում են միջմկանային։

 

Շնչական ուղիների լորձաթաղանթի այտուցը պակասեցնելու նպատակով ներերակային ճանապարհով ներարկում են հիպերտոնիկ լուծույթներ, սրտային դեղամիջոցներ, միզամուղ, նեյրոպլեգիկ պատրաստուկներ։

 

Վերջիններս պետք է տրվեն զգուշությամբ, որպեսզի հազային ռեֆլեքսը չընկճվի։ III աստիճանի նեղացման դեպքում (շնչառության զգալի դժվարացում, կրծքավանդակի փափուկ մասերի ներդրում, շրթունքների, վերջույթների ցիանոզ`   հիպոքսեմիայի աճող նշաններով). ցուցված է պրեդնիզոլոնի ներերակային սրսկումը, բուժական լարինգոսկոպիան, որի դեպքում արտածծվում է բորբոքային հեղուկը, հեռացվում են չոր կեղևիկները և կոկորդի լորձաթաղանթին քսվում է էֆեդրինի լուծույթ, դեղձի, ծիրանի յուղ։ Երբեմն կոկորդազննումը (լարինգոսկոպիան) կրկնում են մի քանի անգամ։ Եթե բոլոր նշված միջոցներն արդյունք չեն տալիս և շնչահեղձուկի ախտանիշներ են զարգանում, ներփողարկում (ինտուբացիա) կամ տրախեոստոմիա են կատարում։

 

Կեղծ կրուպի դեպքում ելքը, որպես կանոն, բարենպաստ է։ Այն կախված է հիմնական հիվանդությունից և ժամանակին կատարվող բուժումից։ Կեղծ կրուպի նշված ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company