Encyclopedia

Թագավորը և ավատատիրական իշխանությունները

Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող:

Նրանք ենթակա էին թագավորին, սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն: Խոշոր ավատատերերն ունեին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը նրանցից հող էր ստանում զինվորական ծառայության դիմաց: Նախարարի զորաջոկատը պատերազմի էր դուրս գալիս արքունի բանակի կազմում՝ նրա առաջնորդությամբ և դրոշի ներքո:

Թագավորը ևս ուներ ենթակա մանր ազնվականներ, որոնք կոչվում էին ոստանիկներ: Ավատատիրությունն իր էությամբ ծնում էր երկպառակություններ, կենտրոնախույս ձգտումներ, որոնք հաճախ հրահրվում էին հարևան Հռոմեական կայսրության կամ Պարսկաստանի կողմից: Արքունիքն էլ իր հերթին կամ դաժանորեն ճնշում էր նման փորձերը կամ էլ աշխատում սիրաշահել դժգոհ նախարարներին: Արքունիքը մերթ կալվածքներ ու պաշտոններ էր բաժանում նրանց, մերթ էլ, իրեն ուժեղ զգալով, սանձահարում ըմբոստ նախարարներին՝ պահպանելով թագավորական իշխանության հեղինակությունն ու երկրի միասնությունը:
 
Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ: Երկրի խոշոր քաղաքներից էին Վաղարշապատը, Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Վանը, Զարիշատը և այլն: Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին: Եվ երբ IV դ. կեսերին Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի, թագավորական իշխանությանը ծանր և անդառնալի հարված հասցվեց:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.