Encyclopedia

Հռոմեական մշակույթը

Հռոմեացիների լեզուն լատիներենն էր: Դրա գրավոր արտահայտման համար ստեղծվել էր 24 տառից բաղկացած այբուբեն:

Կրթությունը

Այդ այբուբենից այժմ էլ օգտվում են շատ ժողովուրդներ:
Հռոմեական պետությունն զգում էր գրագետ մարդկանց պահանջ: Ուստի Ք.ա. II դարից սկսած՝ ստեղծվեց տարրական
դպրոցների համակարգ`   պարտադիր բոլոր քաղաքացիների համար: Երեխաները սովորում էին գրել, կարդալ և հաշվել: Ծանոթանում էին իրենց հայրենիքի պատմության դրվագներին:
Դրանից հետո կրթությունը վճարովի էր: Կային միջին և բարձր կարգի դպրոցներ, որտեղ աշակերտները խորացնում էին գիտելիքները քերականության, ճարտասանության և իրավագիտության մեջ: Առավել ընդունակները կրթությունը շարունակում էին հելլենիստական կենտրոններում`   Աթենք, Ալեքսանդրիա, Հռոդոս: Նրանք դառնում էին հռոմեա կան պետության և մշակույթի ականավոր դեմքեր. օրինակ`   Պոմպեոսը, Կեսարը, Կատոն Կրտսերը և ուրիշներ:
 
Գրականությունը
 
Հեռավոր ժամանակներում հռոմեացիների մեջ տարածված էին առասպելներն ու ասքերը աստվածների և հերոսնախնիների մասին: Գրի ու գրականության տարածման հետ երևացին արհեստավարժ գրողներ: Հատկանշելի են բանաստեղծներ Վերգիլիոսը և Հորացիոսը, ովքեր գովերգել են Օգոստոսի դարաշրջանը:
Զարգացավ նաև ճարտասանությունը: Աշխարհաժողովում, Ծերակույտում և դատարաններում հնչող տրամաբանված և հյութեղ խոսքը մեծ կարևորություն ուներ որոշումներ կայացնելիս: Ի հայտ եկան խոշոր ճարտասաններ, որոնց ճառերը հրատարակվում և ուսումնասիրվում էին: Նրանցից խոշորագույնը Մարկոս Կիկերոնն էր:
 
Գիտությունը
 
Հռոմեական գիտությունն առավելաբար կիրառական բովանդակություն ուներ: Ստեղծվել են կյանքի տարբեր բնագավառներին նվիրված աշխատություններ: Առանձնանում են Կատոն Ավագի՝ գյուղատնտեսության, Վիտրուվիոսի՝ ճարտարապետության մասին ընդհանրացնող գործերը:
Ստեղծվել են հանրագիտական բնույթի աշխատություններ, որոնք նպատակ ունեին իմի բերելու տարբեր գիտությունների արդյունքները: Այդ առումով հիշատակելի է Պլինիոս Ավագը: Ակնառու էին հաջողությունները պատմագրության և իրավագիտության բնագավառում:
Հռոմեական ճարտարագիտությունն օգտագործում էր գիտության նվաճումները զուտ գործնական խնդիրներ լուծելու համար: Ստեղծվում էին աշխատանքի նոր գոր ծիքներ ու սարքեր: Կառուցվում էին ճանապարհներ, կամուրջներ, ջրմուղներ:
 
Ճարտարապետությունը և կերպարվեստը
 
Հռոմեական կառույցներն աչքի էին ընկնում իրենց չափերով ու հորինվածքի բարդությամբ: Դրան հասնում էին մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներով և բետոնի կիրառմամբ: Վերջինս ստանում էին կրաքարի լուծույթի և հրաբխային մոխրի համադրությամբ: Դա իսկական հեղաշրջում առաջացրեց շինարարական արվեստում: Երևացին միաձույլ պատեր, կամարներ, գմբեթներ:
Ասվածն իր արտահայտությունն է գտել Հռոմի Ֆորումում (հրապարակ), որն աչքի է ընկնում պալատական շինություններով, տաճարներով, հաղթակամարներով: Քիչ հեռու խոշորագույն մարզահամալիրը`   Կոլիզեումն էր, որը տեղավորում էր 70 000 հանդիսատես: Նույն սկզբունքով էր կառուցվել նաև խոշորագույն տաճարը`   Պանթեոնը:
Վերջինիս գմբեթը հիմա էլ կանգուն է և համարվում է աշխարհում խոշորագույններից մեկը:
Ճարտարապետական շինությունները հռոմեացիները զար դա րում էին շքեղ զարդանախշերով, քանդակներով ու որմնանկարներով: Պահպանվել են դրանց բազում նմուշներ, որոնք աչքի են ընկնում կատարման բարձր վարպետությամբ: Դրանցում արտացոլված են հռոմեացիների կյանքի տարբեր կողմերը: Այս առումով հատկանշելի է Տրայանոսի հաղթասյու նը, որի վրա պատկերված են պատմության կարևորագույն իրադարձությունները:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.