Encyclopedia

Հռոմեական կայսրության ծաղկումն ու անկումը

Միապետության ամրապնդումն ընթանում էր վայրիվերումներով: Եղավ մի շրջան (96–180 թթ.), երբ միապետները շեշտված հարգանքով էին վերաբերվում հանրապետական ավանդույթներին: Այդ ընթացքում տերությունը ծաղկում էր:

Տերության «ոսկեդարը»

Անվտանգ էին երկրի սահմանները, կարգավորված էին պետական կառավարման բոլոր մակարդակները: 
Մեծ առաջընթաց ապրեց մշակույթը: Կառուցվեցին բազմաթիվ շքեղ շինություններ: Ճանապարհների ցանցով Հռոմը կապվեց տերության ամենահեռավոր նահանգների հետ: Հատկապես տպավորիչ էին հռոմեական կամուրջներն ու ջրմուղները:
Այդ շրջանը հռոմեացիները կապում էին երկու կայսրերի անունների հետ: Առաջինը Մարկոս Տրայանոսն էր (98–117 թթ.): Նրա օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր ռազմական հզորության գագաթնակետին: Հաղթանակներ տանելով Հռոմի բոլոր սահմաններում՝ Տրայանոսը ծնկի բերեց նաև ամենահզոր հակառակորդին`   Պարթևս տանին: Սակայն Տրայանոսից հետո Հռոմը վերադարձավ իր հին սահմաններին:
Մյուս կայսրը Մարկոս Ավրելիոսն էր (161–180 թթ.): Նա խոշոր իմաստասեր և հմուտ պետական գործիչ էր: Նրա կարծիքով՝ անիմաստ էր ընդլայն ել տերությունը:
Անհրաժեշտ էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը, որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո:
 
Ճգնաժամը և դրա հաղթահարման փորձը
 
«Ոսկեդարից» հետո տերությունում ուժեղացան հակասությունները: Խախտվեց ներքին հավասարակշռությունը: Դրանից օգտվելով՝ հարևան բարբարոս ժողովուրդները սկսեցին ավերել նրա տարածքները: 
Տերությունը համախմբելու նպատակով 212 թ. հրովարտակով նրա բոլոր ազատ բնակիչները ճանաչվեցին Հռոմի քաղաքացի: Բայց դա նրանց արդեն ոչ մի առավելություն չէր տալիս:
Հռոմն անզոր էր կասեցնելու թշնամիների հարձակումները: Թուլացել էր կենտրոնական իշխանությունը: Տերության տարբեր ծագերում սկսվեցին լեգիոնների ապստամբություններ: Դրանց հրամանատարները հաճախ իրենց կայսր էին հռչակում և արշավում սեփական մայրաքաղաքի դեմ: Շատերն սկսեցին հասկանալ, որ Օգոստոսի ստեղծած «քողարկված միապետությունը» սպառել է իր հնարավորություն նե րը: Դրանցից էր նշանավոր զորավար, կայսր Դիոկղետիանոսը (284–305 թթ.):
Բանակի օժանդակությամբ հռչակվելով կայսր`   նա Հռոմեական կայսրությունում հաստատեց բացարձակ միապետություն: Հանրապետական հաստատությունները վերացվեցին կամ պահպանվեցին ձևականորեն: Բոլոր կարևոր հարցերը լուծվում էին կայսերական արքունիքում: Բազմապատկվեց պաշտոնյաների թվաքանակը:
Հսկայածավալ տերությունը կառավարելու համար Դիոկղետիանոսն ընտրեց կառավարչակից: Ինքը կառավարում էր արևելյան հարուստ նահանգներում, իսկ կառավարչակիցը՝ արևմուտքում: Հռոմն արդեն կորցրել էր իր դերը, թեպետ շարունակում էր համարվել մայրաքաղաք:
Բարեփոխվեց բանակը, փորձ կատարվեց զորացնելու հռոմեական ավանդական հոգևոր արժեքները և կրոնը: Հալածանքներ սկսվեցին տերությունում մեծ տարածում գտած քրիստոնեության դեմ:
 
Տերության բաժանումն ու անկումը 
 
Դիոկղետիանոսի ձեռնարկումները չկարողացան փրկել դրությունը: Նրանից հետո վերսկսվեցին իշխանության համար պատերազմները: Հաղթեց Կոնստան տինոս Մեծը: Նա իր մայրաքաղաքը դարձրեց (330 թ.) Բոսփորի նեղուցի ափին գտնվող հունական Բյուզանդիոն քաղաքը: Նա քաղաքը վերակառուցեց շքեղ շինություններով և կոչեց իր
անունով`   Կոստանդնուպոլիս:
Սակայն գնալով ակներև էր դառնում Հռոմեական կայսրության արևելյան և արևմտյան հատվածների տարբերությունը: Արևելքն անհամեմատ ավելի զարգացած էր, իսկ արևմուտքում գերակայում էին գյուղական կյանքն ու կենցաղը: Ի վերջո դա հանգեցրեց տերության բաժանմանը: 395 թ. այն տրոհվեց երկու ինքնուրույն կայսրությունների՝ Արևելյան կայսրության և Արևմտյան կայսրության: 
Արևելյան կայսրությունն աստիճանաբար վերակառուցվեց և կյանքի կոչեց մի նոր տերության`   Բյուզանդիային: Վերջինս գոյատևեց ավելի քան հազար տարի: Այլ կերպ ընթացավ արևմտյան հատվածի պատմությունը: Այն անընդհատ թուլանում էր, իսկ բարբարոս ժողովուրդների՝ հոների, գոթերի, վանդալների արշավանքները գնալով ավելի ահարկու էին դառնում: Նրանք թափանցում էին նույնիսկ Իտալիայի խորքերը: Հռոմը բազմիցս գրավվեց ու կողոպտվեց: Ի վերջո՝ Արևմտահռոմեական կայսրությունը 476 թ. դադարեց գոյություն ունենալուց:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.